ՙԱրևելյան գործընկերության՚ օգնությամբ ԵՄ-ն փորձում է խոչընդոտել Ռուսաստանի շուրջ միության առաջացմանը: Եվ, ցավոք, Հայաստանը նույնպես իր ներդրումն է ունենում այդ գործում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Քաղաքական գործի կարծիքով, ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենևին լավ ժամանակներ չեն ապրում, և հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների անհեռատես քաղաքականությունն է, և, որպես հետևանք, Երևանի և Բրյուսելի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը:
ՙՈչ ոք չի կարող բացատրել, թե իրականում ինչ է նշանակում Ասոցացման համաձայնագիր, և աշխարհաքաղաքական ինչ հետևանքներ է այն նախատեսում: Մտադի՞ր է արդյոք Եվրոպան իր մեջ ընդունել ՙԱրևելյան գործընկերության՚ երկրներին, ապահովել վերջիններիս ազգային անվտանգությունը, թե՞ ինչ-որ կոնգլոմերատ ստեղծել: Արդյո՞ք հետո այդ երկրները կանդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ գիտենք, որ ԵՄ անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն: Այս և այլ հարցերի մինչ այժմ ոչ ոք համոզիչ պատասխաններ չի տվել: Կարծում եմ, որ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագիրը, որից, ըստ էության, բխում է Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանի շուրջ միության առաջացմանը խոչընդոտելու նպատակ է հետապնդում՚,- նշել է Կարապետյանը:
Նա գտնում է, որ պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը ենթադրում է առանցքային հարցերի շուրջ որոշումների և գործողությունների համաձայնեցվածություն: Երևանի քաղաքականությունը, տվյալ դեպքում`ԵՄ հետ մերձեցման առնչությամբ ոչնչով չարդարացված էյֆորիան կարող է ստիպել Մոսկվային վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները:
Կարապետյանը համաձայն չէ նաև այն պնդմանը, թե ԵՄ հետ համաձայնագիրը կարող է խթանել ներքաղաքական բերափոխումները Հայաստանում, հանգեցնել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության առողջացմանը և գործարար մթնոլորտի բարելավմանը:
ՙԵրկրի քաղաքական ղեկավարության ՙեվրոպականացումն՚ սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, բայց ի՞նչ է փոխվել մինչև հիմա: Օլիգարխներն են պակասել, թե՞ մոնոպոլիաները վերացել: 2008 թ. Երևանի կենտրոնում օրը ցերեկով սպանեցին 10 մարդու, ամբողջովին կեղծվեցին համապատասխանաբար 2012 և 2013 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Եվ, որքանով հիշում եմ, բոլոր այս գործոնները չխանգարեցին Եվրամիությանը ճանաչելու ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը՚,- ասել է քաղաքական գործիչը: