Չնայած
իրացմանն առնչվող բոլոր առկա խնդիրներին, Ռուսաստանի քննադատակնա գնահատականին,
դեռ վաղ է թաղել ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագիծը: Այդպիսի կարծիք է
հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի քաղաքագետ
Սերգեյ Մարկեդոնովը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած «Արևելյան
գործընկերության հետվիլնյուսյան գործընթացը» քննարկման ընթացքում:
«Նախ, հենց ԵՄ պետություններն են շահագրգռված
հետխորհրդային տարածքի երկրների հետ համագործակցության շարունակմամբ: Վիլնյուսի
գագաթնաժողովից հետո Եվրամիության 13 երկրներ նախապատրաստեցին «Եվրոպական փաթեթը»,
որն առնչվում է հետվիլնյուսյան իրողություններին:
Արդյոք մտահղացումից ինչ-որ բան կստացվի թե ոչ` առայժմ
ոչ ոք հարյուրտոկոսանոց վստահությամբ չի ասի: Սակայն միանգամայն պարզ է. ԵՄ
շահագրգռված է «կայուն հարևանությամբ» և փորձում է այդ ուղղությամբ քաղաքականությունը կառուցել այնպես, ինչպես
ինքն է պատկերացնում», - ընդգծել է նա: Մարկեդոնովը նշել է, որ ԵՄ նկատմամբ տարբեր հետաքրքրություն ունեն նաև
ԱԳ բուն մասնակիցները: Օրինակ, Ադրբեջանի մոտեցումը նման չէ Մոլդովայի մոտեցմանը,
Հայաստանինն ակնհայտորեն տաբերվում է Վրաստանի մոտեցումից, իսկ Ուկրաինայինը`
Բելառուսինից: Ընդ որում ԱԳ մասնակից բոլոր երկրների հարաբերությունները
Ռուսաստանի հետ տարբեր են, տարբեր է նաև ԵՄ հետ ինտեգրման աստիճանն ու դրա
նկատմամբ հետաքրքրությունը: Իսկ նրանց բոլորին միավորում է, առաջին հերթին,
հետաքրքրությունը ԵՄ հետ համագործակցության նկատմամբ` թեև դա էլ տարբեր ձևով է
ընկալվում:
Այս համատեքստում վերլուծաբանը համոզված է, որ ԵՄ
«Արևելյան գործընկերությունը», պարզապես, չի կարող լինել եվրոպական արժեքների
հաղթանակման երթ: Դրանք միանգամայն տարբեր են ընկալում նաև ԱԳ մասնակից երկրների
շարքային քաղաքացիներն ու վերնախավի ներկայացուցիչները, որտեղ քաղաքական և
քաղաքացիական նույնականությունը վերջնականապես չի ձևավորվել: «Մասնավորապես,
ամենևին շատ չեն նրանք, ովքեր Եվրամիությանը միանալու մեջ տեսնում են
ժողովրդավարության և բոլորի համար հավասար հնարավորությունների հաղթանակ: Ոմանք
նման հեռանկարից ակնկալում են բարձր սոցիալական ծախքեր, անվտանգության համար
խնդիրներ և սպառնալիքներ իրենց ազգային կամ տարածաշրջանային նույնականության
պահպանման համար», - ընդգծել է վերլուծաբանը: Այդ առումով, Մարկեդոնովի կարծիքով,
կարիք չկա ավելորդ գերագնահատել Մոսկվայի դերը, որը հաճախ դիվականացվում է,
ինչպես, ի դեպ, նաև` ԱՄՆ-ի և Արևմուտքի գործոնն ամբողջությամբ վերցրած:
«Այսպիսով,
առկա է ԵՄ հետ համագործակցության և Եվրոպային ինտեգրման մեծ պահանջարկ: Սակայն այն
կիսում են բնավ ոչ բոլորը, կան լուրջ հակասություններ, հատկապես` նույնականության
հարցերի և տարածաշրջանային տարբերությունների, չկարգավորված հակամարտությունների
մասով: Այդ հակասություններն ինքնին չեն վերանա, հետևաբար, հետխորհրդային տարածքի
ճակատագրերի շուրջ Ռուսաստանի և ԵՄ երկխոսությունը ոչ թե, պարզապես, ցանկալի է,
այլև` անխուսափելի: Հարց է միայն, թե երբ դա կգիտակցեն երկու կողմերը և ինչպիսի
ձևաչափեր կընտրեն նման երկխոսության համար», - ամփոփել է ռուսաստանցի
վերլուծաբանը: