«Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարում իր ելույթում:
«Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի», - ասել է նախագահը, հավելելով, որ այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: «Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ», - նշել է Ս.Սարգսյանը:
Նա հիշեցրել է, թե ինչպես նախորդ դարի 90-ական թվականների սկզբներին Ադրբեջանի` պարբերաբար միմյանց փոխարինող
պաշտպանության նախարարներն իրենց պարտքն էին համարում հայտարարել, թե անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ են խմելու, սակայն հետագայում
համոզվում էին, Ստեփանակերտում իրենց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել:
Սարգսյանի ասելով, հայ ժողովրդի համար Լեռնային Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծված է: «Մենք ուզում ենք աշխատել ու արարել, ուզում ենք հանգիստ ապրել, բայց ակնհայտ է, որ մոտ ապագայում մեզ հանգիստ չեն թողնի», - նշել է նախագահը, հավելելով, որ այդ մասին վկայում է դիպուկահարներին սահմանային գծից դուրս բերելու ցանկության բացակայությունը Բաքվում: «Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց: Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը:
Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու:
Սա է իրականությունը: Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, հրապարակավ քննարկում ենք մեր խնդիրները, ուրեմն թույլ ենք: Բայց նրանք չեն հասկանում, որ դրա մեջ է մեր հզորությունը, և հենց դրա համար ենք մենք հաղթել, ու մեր հաղթանակը անշրջելի իրականություն է», - հայտարարել է ՀՀ նախագահը: Նա նա նշել է, որ իրականում մեր սահմանները հուսալիորեն պաշտպանում են 20 տարին դեռ չբոլորած պատանիները: «20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք», - հայտարարել է Սարգսյանը` դիմելով Երկրապահ կամավորական միության անդամներին: