Հայաստանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն իշխանությունների անհեռատես քաղաքականության և ագահության հետևանք է, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Մեսրոպյանի խոսքով, այս կամ այն ապրանքի /կամ ծառայությունների/ թանկացումն անխուսափելիորեն հանգեցնում է դրա սպառման ծավալների կրճատման: Տրանսպորտի և ֆիքսված սակագնով այլ ծառայությունների գների աճի դեպքում այս սցենարը չի գործում. ՙչի կարելի, վճարելով 75 դրամ, անցնել կես կանգառ՚: Այս առնչությամբ գների աճի վերաբերյալ ցանկացած որոշում, Մեսրոպյանի կարծիքով, պետք է ընդունվի մեծ զգուշավորությամբ:
Մամուլի ասուլիսին ներկա գտնվող Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ- ի նախագահ Լուսինե Յագուբյանն իր հերթին նշել է, որ տրանսպորտն ամենադժվար կարգավորվող ոլորտն է և ենթադրում է անվտանգության կանոնների պահպանում: Նա նաև մատնանշել է սպասարկման ցածր մակարդակն այդ ոլորոտւմ և անհրաժեշտ հարմարությունների բացակայությունը: Լ. Յագուբյանը համոզմունք է հայտնել, որ ուսանողական սեսիայի սկսմամբ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը կսրվի:
Մամլո ասուլիսին մասնակցող ՙՍպառողների իրավունքների պաշտպանություն՚ ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում շահագործվող չինական ավտոբուսները տնտեսապես անեկամտաբեր են, քանի որ ունեն ոչ մեծ տարողություն և վառելիքի մեծ ծախս`ի տարբերություն եվրոպական բանեցրած ավտոբուսների, որոնց տարողությունը հասնում է մինչև 100 մարդու: Կ. Չիլինգարյանը նաև նշել է, որ տրանսպորտը պետք է լինի մունիցիպալ, այլ ոչ թե`սեփականատերերի ձեռքում: Նա նշել է մի քանի երկրների օրինակը, որտեղ քաղաքացիները հասարակական տրանսպորտով երթևեկության մեծ զեղչերից են օգտվում: Օրինակ`հարևան Վրաստանում ուսանողները երթևեկում են կես գնով, իսկ բնակչության անապահով շերտերի համար երթևեկությունը կազմում է 10 տետրի /20-25 դրամ/: Դպրոցականները և հաշմանդամները Վրաստանում օգտվում են հասարակական տրանսպորտից` անվճար հիմունքներով: