ՀԱՊԿ-ն բարոյապես աջակցում է Հայաստանին: Համենայն դեպս, այդ մասին են վկայում Կազմակերպության ղեկավարության հայտարարությունները, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական դիվերսիաների և մշտական կրակոցների պայմաններում ՀԱՊԿ լռության նպատակահարմարության վերաբերյալ հարցին:
ՙՄիաժամանակ Կազմակերպությունը փորձում է ազդել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեզ վրա` տարածաշրջանում խաղաղության պահպանման նպատակով: Ներկայումս հակամարտությանը ՀԱՊԿ միջամտության անհրաժեշտություն չկա, քանի որ մեր սահմանների պահպանության համար որևէ վտանգ չի առաջանում: Իսկ Ադրբեջանի ագրեսիվ, անիմաստ գործողությունները պետք է դատապարտեն ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլ նաև մնացած բոլոր միջազգային կազմակերպությունները՚,- նշել է նա:
Նախարարը նշել է, որ օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս խոսել է դիպուկահարներին հեռացնելու, դիվերսիաներից հրաժարվելու, վստահության միջոցներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Իրավիճակը, Օհանյանի խոսքով, շատ լավ հասկանում են բոլորը: Եվ այսօր, նրա կարծիքով, Հայաստանը պետք է միջազգային հանրությունից պահանջի, որպեսզի այդ ըմբռնումն ավելի գործուն բանի վերածվի, ինչը կարող է նպաստել երկուստեք անիմաստ զոհերի կանխմանը: