Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ընթացել է մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց առնչությամբ առայժմ չի հաջողվում առաջընթացի հասնել: Այդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
ՙՆախագահների մակարդակով ցանկացած հանդիպում ընդհանուր առմամբ դրական է: Նման հանդիպումները նպաստում են հակառակ կողմի տրամադրությունները հասկանալուն`ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ձեռքբերելու նպատակով՚,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը կրկին հնչեցրել է Ադբեջանի դիրքորշումը, ըստ որի` հակամարտության խաղաղ կարգավորման համար հարկավոր է առաջին հերթին հասնել ՙօկուպացված տարածքներից՚ հայկական զինված ուժերի դուրսբերմանը: ՙՀենց որ Ադրբեջանի այդ պահանջը կատարվի, լայն հնարավորություններ կբացվեն տարածաշրջանում անվտանգության ապահովման, սահմանների և հաղորդակցությունների բացման, ինչպես նաև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հարցերի համաձայնեցման համար՚,- հայտարարել է նա: Ըստ որում, Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Հանդիպման նախաձեռնող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմերին առաջարկել է սկսել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը: ՙՏպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական պետպաշտոնյաները կարծում են, որ եթե մի քանի անգամ ինչ-որ անիրական գաղափարներ բարձրաձայնեն, ապա դրանք ավելի համոզիչ կդառնան: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմաթիվ անգամներ հավաստիացրել են, որ սկզբում պետք է ավարտին հասցնել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, եւ միայն հետ հնարավոր կլինի անցնել համաձայնության մշակմանը՚,-նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: