Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում, hayzinvor.am-ին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը`մեկնաբանելով Ադրբեջանի կողմից արցախյան ուղղաթիռի ոչնչացումը:
ՙՄեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ՚,- ասել է Հակոբյանը:
Նա նաև ավելացրել է, որ իրավիճակը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին միշտ է եղել: Ըստ որում, պատասխանելով այն հարցին, թե վերջին իրադարձություններից հետո շփման գծի ողջ երկայնքով լարվածության նվազում նկատվում է, թե ոչ`նա ընդգծել է.ՙՄարտական գործողությունների առումով` այո, հրադադարի ռեժիմի խախտման առումով` ոչ՚: