Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր բնակիչ քաղաքապետարանից պահանջում են դադարեցնել Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում շինարարությունը:
Քաղաքացիների կարծիքով, այդ բակում շինարարությունն անընդունելի է, քանի որ այն հակասում է քաղաքաշինական նորմերին, ճարտարապետական կանոններին, սեյսմիկ նորմերին, հարակից շենքերի բնակիչներին զրկում է արևից, հակասում անվտանգության կանոներին, քանի որ հրդեհի դեպքում անհնար կլինի օգնության հասնել մարդկանց, վտանգի է ենթարկում բակում խաղացող երեխաների անվտանգությունը շինարարության ընթացքում և այլն:
Առանց բնակիչներին իրազեկելու և նրանց կարծիքը հաշվի առնելու`սեփականաշնորհվել է փոքրիկ կաթսայատունը, որը երկար տարիներ սպասարկել է շենքերը և վերջիններիս ենթակառուցվածքի անբաժանելի մասն է կազմում: Ավելին, նորահայտ սեփականատիրոջը վեցհարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է տրամադրվել: