Դեպի Հայաստան լեհական ներդրումների հոսքին խոչընդոտում է ինֆորմացիայի պակասը: Այս մասին այսօր Երևանում, հայ-լեհական միջպետական հանձնաժողովի երրորդ նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է լեհ համանախագահ, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը:
Դեպի Հայաստանի տնտեսություն լեհական ներդրումները 2012 թվականի սեպտեմբերին կազմել են 200 հազ.դոլար: ՙՄենք երկար մտածեցինք, թե ինչու է ներդրումների առումով ստեղծվել նման իրավիճակ ու եկանք եզրակացության, որ պատճառը ինֆորմացիայի պակասն է, այն մասին, որ Հայաստանը ներդրումների առումով հանդիսանում է անվտանգ, ինչպես նաև ներդրումային բարենպաստ մթնոլորտով երկիր՚,-ասել է փոխնախարարը: ¥Հայաստանում գրանցված է լեհական կապիտալով 13 ընկերություն¤:
Նա նշել է, որ ներկայումս Հայաստանն ու Լեհաստանը դիտարկում են ներդրումների փոխադարձ պաշտպանվածության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Տոմչիկևիչը հավելել է, որ Լեհաստանը սատարում է ԵՄ հետ Հայաստանի ասոցիացված համաձայնագրի բանակցություններին: ԵՄ-ի, մասնավորապես, Լեհաստանի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ներդրումների ներհոսքին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, Լեհաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2012 թվականին կազմել է 42.4 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 16.3%: Հայաստանից դեպի Լեհաստան արտահանումը 2012 թվականին կազմել է 599.3 հազ.դոլար, կրճատվելով 35.3%, իսկ ներմուծումն աճել է 17.7%, մինչև 41.8 մլն.դոլար: Հայաստանից դեպի Լեհաստան հիմնականում արտահանվում է կաուչուկ, հյութեր, աղ, ցեմենտ, քարեր, ալյումին: Իսկ Լեհաստանին դեպի Հայաստան ներկրվում է եթերային յուղեր, օճառ, փայտ, փայտից պատրաստված իրեր, էլեկտրական սարքավորումներ, թուղթ, շաքար, կակաո, ապակիներ, դեղեր: