Հայաստանի կառավարության կազմը բացարձակապես փոփոխություն չի կրի: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը:
Աղբյուրի համաձայն, այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկվի նոր կառավարության հարցը: Հրապարակման հեղինակների տվյալներով, այն խոսակցությունները, թե երկու նախարար կկորցնեն իրենց պորտֆելները, խիստ չափազանցված են: ՙԵթե մինչ այս Սերժ Սարգսյանը ՙդանդաղ էր շտապում՚, ավագանու ընտրություններից հետո ընդհանրապես չի շտապում, կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու՚, - նշում են հրապարակման հեղինակները, ավելացնելով, թե իրենց պաշտոններում կմնան նաև կառավարության այնպիսի ՙերկարակյացներ՚, ինչպես` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը
ՙՀայկական ժամանակն՚ իր հերթին նշում է, որ կառավարության կազմը կարող է փոխվել, եթե կառավարող կուսակցության և նախկին կոալիցիոն կուսակցության` ԲՀԿ առաջնորդները համաձայնության հանգեն: ՙԵրեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր Ս.Սարգսյան - Գ.Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր՚, - նշում են հրապարակման հեղինակները, ավելացնելով, թե ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում թերթի աղբյուրները հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՙՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենալու՚, - նշվում է հրապարակման մեջ:
Միևնույն ժամանակ ՙԱռավոտ՚ թերթը հրապարակել է խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը ԲՀԿ-ի կոալիցիա վերադառնալու վերաբերյալ: ՙԵս չեմ պատկերացնում կոալիցիայում մի քաղաքական ուժի, որը նախկինում արդեն եղել է կոալիցիայում, հետո` լքել այն` ասելով, որ ինքը կապ չունի, մեղավոր չէ: Քաղաքական ուժն, առհասարակ, պետք է գիտակցի իր քաղաքական պատասխանատվությունը՚, - հայտարարել է նա ՙԱռավոտ՚ թերթին: