ՀՀԿ-ն կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի անցման հարց չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողով, որին հանձնարարվել է մշակել ՀՀ սահմանադրության բարեփոխման փաթեթ և մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցեկարգ:
ՙՀամենայն դեպս, մեր օրակարգում նման հարց չկա՚, - հաղորդել է Շարմազանովը, ընդ որում չհստակեցնելով, թե ինչ հարցերով է զբաղվելու նորաստեղծ հանձնաժողովը:
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ենթադրություն էր հայտնել, թե շատ շուտով համազգային հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների փաթեթ, համաձայն որի, մասնավորապես, նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: