Ինչու՞ հանուն լավ ճակատագրի մարդ ընդմիշտ լքում է հայրենիքը, և ի՞նչն է ստիպում նրան հետ վերադառնալ: Հարություն Խաչատրյանի ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ նոր ֆիլմում բարձրացված հարցերն արդիական են յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր ազգի համար: Խաչատրյանի ֆիլմի հերոսը Հայկն է, ով Հայաստանից մեկնել է Կամչատկա, իսկ այնտեղից տարիներ անց`Մոսկվա: Հարություն Խաչատրյանը հետևում է նրա կյանքին ավելի քան 20 տարի` 1988 թ. մինչև 2012 թ.: Եվ այսօր թեև Հայկի երազանքն է վերադառնալ հայրենքի և ժառանգորդ աշխարհ բերել, ռեժիսորը չի հավատում դրա իրականացմանը. ՙՆրանք, ովքեր պետք է վերադառնային Հայաստան, արդեն եկել են: Հայկը երբեք չի վերադառնա՚:
Ինչպես պատմել է Խաչատրյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում, Հայկի պատմությունն ընդամենը առաջին ֆիլմն է ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ շարքից: Ամեն տարի ռեժիսորը ծրագրում է հանդիսատեսի դատին ներկայացնել մեկական նոր պատմություն: Հերոսների թվում ոչ միայն սովորական, այլ նաև հայտնի մարդիկ են`Ռուբեն Հախվերդյան, Արմեն Ջիգարխանյան, Ռալֆ Յիրիկյան: Չի բացառվում, որ հայտնիների շարքը համալրի նաև Armenian Navy Band խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը:
ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ շարքից առաջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 13-ին ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի շրջանակներում: