ՙԱզգային ինքնորոշում միավորման՚ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Երևանի քաղաքապետարանին նոյեմբերի 28-ին և 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել, հաղորդել է Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հայրիկյանի բողոքի ակցիան ուղղված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման դեմ: Նրա խոսքով, անդամակցելով ՄՄ-ին`Հայաստանը շեղվում է ճշմարիտ ճանապարհից: ՙԴեռ հարց է` թույլ կտա՞ն արդյոք Հայաստանին դառնալ ՄՄ անդամ, բայց եթե նոյեմբերի 29-ին Հայաստանը պատշաճ կերպով չներկայացվի Վիլնյուսում, կհայտնվի հին փեսացուին հանուն նորի մերժած, սակայն նոր փեսացուի հարազատների կողմից չընդունված հարսնացուի կարգավիճակում՚,- գտնում է Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով, իրենք արդեն պատրաստում են դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարություններ, թռուցիկներ գրում: ԱԻՄ առաջնորդը կամավորներին կոչ է անում միանալ իրենց նախապատրաստական աշխատանքին: