Այն 100 հազար ձայնը, որը ստացել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, վատ ցուցանիշ չէ`երկրում ստեղծված նախընտրական իրավիճակի և ընտրությունների բուն գործընթացի պայմաններում: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն միշտ ավելիին է ձգտում: ՙՊետք է ընդգծեմ, որ Հայաստանում բոլոր ընտրություններն ապացուցում են երկրում ստեղծված իրավիճակի անհեթեթությունը և տարօրինակությունը, երբ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական հասարակական տրամադրությունները: Այս համատեքստում, իհարկե, Երևանում 100 հազար ձայնը վատ ցուցանիշ չէ, բայց ոչ բավարար՚,- հայտարարել է Ուրիխանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները կամ հրաժարվել Երևանի Ավագանու խորհրդում մանդատներից`Ուրիխանյանն ընդգծել է, որ ներկայումս կուսակցությունը վերլուծում է ընտրությունների, նախընտրական արշավի, ստեղծված հետընտրական իրավիճակի արդյունքները, և կոնկրետ որոշումներ կընդունվեն այդ վերլուծությունների արդյունքում:
Նշենք, որ երևանյան ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է 97.189 ձայն կամ 23,07%: