Հայաստանում նոր սկանդալ է հասունանում պարտադիր
կուտակային կենսաթոշակի շուրջ: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հաղորդում է «Ժամանակ»
թերթը:
Աղբյուրի համաձայն, կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր պահվող կենսաթոշակային վճարները։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետբյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ ամսից սկսած քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում», - գրում է «Ժամանակը»։
Պարտադիր
կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում 2014 թվականի հուլիսի 1-ից
ներդրվել է պետական ծառայողների համար, իսկ մասնավոր հատվածի համար պարտադիր
բաղադրիչն առաջարկվում է ներդնել փուլ առ փուլ` երեք տարվա ընթացքում: Այդ դրույթը
համապատասխանում է Սահմանադրական դատարանի պահանջներին: Կենսաթոշակային
հատկացումներում կատարվում են փոփոխություններ և առաջարկվում է վճարել 5 տոկոսի
չափով նպատակային սոցիալական վճարում: Այդ վճարումը կիրականացվի նրանց համար, ում
աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը: Ավելի բարձր աշխատավարձի դեպքում
վճարումը կկազմի 25 հազար դրամ: Աշխատավարձի 5 տոկոսի չափով պարտադիր վճարումները
կենսաթոշակային հիմնադրամ (25 հազար դրամից ոչ ավելի) իրականացվում են ավտոմատ
ձևով` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներից: Եվս 5 տոկոս հիմնադրամին
պետք է հատկացնի պետությունը:
Հիմանդրամների կառավարիչներն են ֆրանսիական AMUNDI (Societe Generale դուստր (20%)
և Credit Agricole (80%) և գերմանական C-Quadrat, գործում է «Թալանքս Ասետ
Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ: