Տպավորություն է ստեղծվում, որ պարբերաբար սրելով իրավիճակը Ղարաբաղում շփման գծում և Հայաստանի սահմանին՝ Իլհամ Ալիևը նպատակաուղղված փորձում է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների նոր օրակարգ ստեղծել: Այլ կերպ ասած՝ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում արդեն քննարկվել են ոչ թե խաղաղության պայմանները, այլ՝ հրադադարի նոր պայմաննե՞րը:
Ադրբեջանական կողմը վերջին տարիներին կիրառում է ռազմական դիվանագիտություն` Հայաստանից և Արցախից միակողմանի զիջման հասնելու համար: Բաքուն մշտական հիմունքով խախտում է հրադադարի ռեժիմը, երբեմն մեծ, իսկ երբեմն էլ փոքր ինտենսիվությամբ: Բացառություններ են եղել Ադրբեջանում այս կամ այն միջազգային կամ համահանրապետական միջոցառումների անցկացման շրջանում, որոնք պահանջում էին կայուն իրադրություն: Օրինակ, այս տարվա ամռանը Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման օրերին ադրբեջանական կողմը շահագրգռված չէր ապակայունացմամբ և դադարեցրել էր սադրիչ գործողությունները սահմաններին:
Բարձրագույն մակարդակի հանդիպումները, հակամարտության տարածաշրջան բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետների այցերը կամ հրադադարի ռեժիմի դիտարկունմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի համար խոչընդոտ չեն տարածաշրջանում լարվածության արհեստական սրման առումով: Իրականում քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ուժային եղանակներից քաղաքական հարցերը լուծելիս, հրադադարի պահպանումը կմնա որպես առաջնային խնդիր ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական կողմերի համար:
Որպես Ադրբեջանի կողմից սահմանին իրավիճակի սրման պատճառ՝ նշվում են ներքին իրավիճակն այդ երկրում, աշխարհաքաղաքականությունը և այլն: Կկիսվեք իրավիճակի Ձեր տեսլականով:
Շփման գծում իրավիճակի սրման պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այն իրականության հետ, որն առաջացել է ինքնորոշված ԼՂՀ նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Բաքվում չեն ցանկանում ճանաչել Ացախի քաղաքացիների հիմնարար իրավունքները և ԼՂՀ գոյության իրավունքը: Եվ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները, և այդ պատճառով ամերիկացիները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը փորձում է բացառապես ադրբեջանամետ առաջարկությունների հասնել միջազգային միջնորդներից` շանտաժի եղանակով: Սակայն, քանի որ այդ քաղաքականությունն Ադրբեջանին ցանկալի արդյունք չի բերում, ապա տարիների ընթացքում փոխվում են նաև հրադադարի ռեժիմի խախտման ձևերը. «դիպուկահարների պատերազմը» փոխակերպվել է «դիվերսիոն պատերազմի»:
Ավելին, 2015 թվականի վերջին ամիսներին ղարաբաղյան պաշտպանական դիրքերի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման համար Բաքուն ակտիվորեն կիրռաում է խոշոր տրամաչափի զինատեսակներ` ականանետներ, հրթիռահրետանային համակարգեր, զենիթային թնդանոթներ, հաուբիցներ և տանկեր:
Շատ գործընկերներ Բաքվի սադրանքները կապում են ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ: Ձեր կարծիքվ, որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը, և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները:
Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի ամենամոտ ռազմաքաղաքական դաշնակիցը: Տարածաշրջանային և միջազգային քաղաքականության հարցերում Անկարայի և Բաքվի դիրքորոշումներն առավելապես համընկնում են, և հաճախ երկու երկրները տանդեմ են կազմում: Այդ պատճառով չեմ բացառում, որ հետագայում ադրբեջանական ղեկավարությունը կարող է հակառուսական գործողություններ ձեռնարկել՝ թելադրված Անկարայից: Հաշվի առնելով ԼՂՀ հետ սահմանին Ադրբեջանի բազմամյա սադրանքների փաստը և այն, որ ռուսական ռմբարկուն թուրքերի կողմից խոցվել է վերջերս՝ իրավիճակի վերջին սրացումը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետ կապելն այնքան էլ կոռեկտ չէ:
Ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն, ի տարբերություն Երևանի, անվերապահորեն աջակցեց Անկարայի դիրքորոշմանը, ինչը հերթական անդամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Բաքվի հետագա հարաբերությունների հեռանկարները:
Կարծում եմ, որ թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն շահագրգռված են ռազմավարական գործընկերության պահպանմամբ: Իհարկե, Ադրբեջանն ավելի խոցելի է դարձել այն առումով, որ վերջինիս հնարավորություններն Արևմուտքի երկրներում սահմանափակվում են՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը, ռուս-թուրքական դիմակայության պայմաններում, հեշտ խնդիր չէ: Այդ պատճառով Բաքուն փորձել է հանդես գալ Մոսկվայի և Անկարայի միջև միջնորդի դերում, որպեսզի ինչ-որ կերպ դուրս գա այդ բարդ իրադրությունից: Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության սրացումը շարունակցվի, Ադրբեջանն ստիպված կլինի բարդ ընտրություն կատարել: Սակայն, եթե նախապատվություն տրվի այդ կամ այն հակամարտող կողմին, Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլանան:
Քաղաքագիտական որոշ կենտրոններում Ղարաբաղի շուրջ իրավիճակի նկատվող սրման պայմաններում արդեն մեծ պատերազմ են կանխատեսում՝ առնվազն տարածաշրջանային մասշտաբի: Ձեր կարծիքով, արդյո՞ք նման պատերազմի նախադրյալներ կան:
Իմ որոշ գործընկերներ Ղարաբաղը պատկերավոր կերպով տարածաշրջանային անվտանգության հիմնաքար են անվանում, մյուսները գտնում են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ՙտեկտոնական լարվածությունն՚ այնպիսի ուժ ունի, որն ՙապասառեցման՚ դեպքում կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի, այլ նաև հարևան երկրների համար: Այդ պատճառով նոր պատերազմը, եթե այն, Աստված չանի, տեղի ունենա, միայն մեծ կլինի: Տարածաշրջանում նկատվող միտումը չափազանց վտանգավոր է: Իրադրությունը սահմաններին չի բարելավվում, իսկ գոյություն ունեցող մարտահրավերները նոր ձևեր են ստանում: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտութան գոտում փխրուն հրադադարը պահպանվում է՝ շնորհիվ կողմերի ուժերի հավասարակշռության, առանց խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային գործողության իրականացման:
Սակայն, վերջին տարիներին նկատվում է ինչ-որ անհավասարակշռություն՝ հօգուտ Ադրբեջանի: Այդ պատճառով մենք չպետք ինքնահանգստացմամբ զբաղվենք և բացառենք իրադարձությունների ռազմական զարգացումը: Հայաստանը և ԼՂՀ-ն պետք է պատրաստ լինեն դիմագրավելու այդ մարտահրավերներին: Այդ դեպքում մարտական գործողությունների սկսման հավանականությունը կնվազի: Նոր պատերազմի կանխման համար անհրաժեշտ է տարածաշրջանային կայունության պահպանմամբ անկեղծորեն շահագրգռված երկրների աջակցությամբ շտապ վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը:
Տարեսկզբից ի վեր Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը հակառակորդի ձեռնարկած դիվերսիաների արդյունքում մի քանի տասնյակ զինծառայող են կորցրել: Միայն դեկտեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է յոթ զինծառայող: Արդյո՞ք բավարար եք համարում զինծառայողների շրջանում զոհերի խանխարգելմանը և պատասխան միջոցների մշկմանն ուղղված Արցախի և Հայաստանի բարձրագույն բանակային ղեկավարության գործողությունները:
Տարածաշրջանում վերահսկողության և զսպման իրական մեխանիզմների բացկայութան պայմաններում Հայաստանի և Արցախի զինված ուժերը հակառակորդի գործողությունները չեզոքացնելու հակամիջոցներ են ձեռնարկում:
Մեր զինվորականների քայլերն անհրաժեշտ են, բայց օբյեկտիվորեն դրանք բավարար չեն, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, մեր ԶՈւ համաչափ և անհամաչափ պատասխան գործողությունները որոշ չափով զսպում, բայց ամբողջովին չեն վերացնում Ադրբեջանի ոտնձգությունները: Այս առումով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ռոյս-Էնգելի նախաձեռնությանն աջակցությունը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հելսինկյան հանձնաժողովի առաջարկած HR 4264 օրինագծի ընդունումը և այլ քայլեր պետք է սթափեցնող ազդեցություն ունենան ադրբեջանական ղեկավարության վրա:
Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու եվրոպական և ամերիկյան նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում կամավոր կերպով կատարել սեփական երկրում մարդու իրավունքները հարգելու և հարևան երկրների հետ վեճերը խաղաղ կարգավորելու առնչությամբ ստանձնած միջազգային պրտավորությունները: Իսկ եթե դա այդպես է, ԼՂՀ անկախությունը, նրա կարծիքով, այլընտրանք չունի: