Ղարաբաղի շուրջ տևական բանակցությունները կդադարեն տեղում դոփել ռազմական գործողությունների լիովին բացառումից հետո միայն: Ապրիլի 28-ին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված իր հոդվածում այդ մասին գրել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ, 2000 թ-ից պաշտոնաթող Վլադիմիր Կազիմիրովը, ով Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահն է և Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահը:
Նրա ասելով, Ադրբեջանի, ինչպես նաև գերտերությունների կողմից երաշխավորված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում կփոխեր հայերի դիրքորոշումը, նրանք ստիպված կլինեին աստիճանաբար հեռանալ գրավյալ տարածքներից։ Բաքուն, սակայն, իբր ձգտելով արագ կարգավորման, ամեն ինչ հակառակն է անում, չնայած հայտարարվող շահերի, երկարաձգում է ստատուս-քվոն։
Դիվանագետը
նաև կարծում է, որ բանակցություններում ևս մեկ խոչընդոտ է այն, որ Բաքուն չի ցանկանում Լեռնային
Ղարաբաղը ճանաչել հակամարտության կողմ, և, հետևաբար` բանակցությունների մասնակից։ «Առանց Լեռնային
Ղարաբաղի մասնակցության բանակցությունները չեն կարող եզրափակիչ փուլ դուրս գալ, քանի որ Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության հիմնական վիճելի հարցն է։ Չի կարելի դրա լուծումն անժամկետ հետաձգել։ Այդ հարցը կարող է դրվել ու լուծվել բացառապես խաղաղ ու իրապես ժողովրդավարական հիմունքներով, ինչպես` Ղրիմում», - կարծում է Կազիմիրովը։
Բաքվի ռազմական նախապատրաստություններն ու ռազմաշունչ հռետորաբանությունը, ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնությունից հրաժարումը, շփման գծում բազմաթիվ միջադեպերն ու կոպիտ ուժային, կացնային քաղաքականության դրսևորումները բոլորին հայտնի են։ «Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կարգախոսն է. «Ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ՝ դրա առաջին փուլը», - նշել է նա։
Ռուսաստանցի դիվանագետը, միևնույն ժամանակ, կարծում է,
Բաքվի հասցեին ավելի շատ քննադատությունը պայմանավորված նաև երեք այլ պատճառներով։ Մասնավորապես, Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը բոլորովին ավելորդ է ու վտանգավոր թե ադրբեջանցի, թե հայ ժողովուրդների, և թե նրանց հարևանների ու, իհարկե, նաև Ռուսաստանի համար։ Երկրորդ` չափազանց կարևոր է պաշտոնապես ստորագրված համաձայնությունների և կողմերի միջև այլ պայմանավորվածությունների կատարումը։ Պետությունների համար, հատկապես՝ երիտասարդ, դա հասունության ու վստահելիության չափանիշ է՝ որպես գործընկերներ։ Խաղաղարար նախաձեռնությունները չկատարելու և դրանցից խուսափելու ցուցակը Ադրբեջանի օգտին չէ. ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի, 4 զինադադարների, միջնորդների ավելի քան 20 առաջարկությունների ձախողում, հրադադարի ռեժիմի ամրագրման վերաբերյալ համաձայնության արհամարհում։
«Երրորդ պատճառը, կարելի է ասել, բարոյականության ոլորտից է. սնանկ
կամ, նույնիսկ, ստահոդ քարոզչություն։ Բաքուն օկուպացիան մատուցում է որպես համար առաջին խնդիր։ Այդ դեպքում, վաղուց արդեն ժամանակն է հասկանալ դրա առաջացման պատճառները, այլ ոչ թե ամեն ինչ վերագրել հայերի ագրեսիվությանը։ Ինչո՞ւ ոչինչ չի ասվում Աբուլֆազ Էլչիբեյի ու Հեյդար Ալիևի՝ ուժի ակնհայտ սխալ հաշվարկների մասին, ինչի հետևանքով օկուպացիան տարածվեց յոթ շրջաններով։ Հայերի քարոզչությունն էլ անմեղ չէ, բայց այնտեղ ղեկավարությունն ավելի զուսպ է, զերծ է մնում կասկածելի փաստարկներից։ Իսկ Բաքվի պաշտոնյաներից ինչ «մարգարիտներ» ասես՝ չես լսի ամենաբարձր մակարդակով. իբր՝ հողերի 20 տոկոսն օկուպացված է, իբր՝ միլիոնից ավել փախստականներ կան, և այլն։ Հիշում եմ նաև էթիկան. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորամանկորեն խնդրում էր փաստաթղթի իր նախագիծը հայերին փոխանցել որպես իմ սեփականը», -
եզրափակել է Կազիմիրովը: