Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ դատավճիռը կրկին ցույց տվեց, որ Հայաստանում փորձում են ազատվել արդար, անկեղծ և պայքարող քաղաքացիներից, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախյան պատերազմի վետերան Սուրեն Սարգսյանը:
ՙԵթե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հանցագործ որդին ազատության մեջ է գտնվում, իսկ արցախյան պատերազմի վետերանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նշանակում է` երկիրը կառավարում են հանցագործները՚,- նշել է վետերանը: Նա նաև ավելացրել է, որ եթե նույնիսկ Ավետիսյանը կաշառք է վերցրել, որում և մեղադրվում է, երկրի առջև նրա ծառայություններն այնքան մեծ են, որ այն կարելի էր նաև ներել: ՙՎստահ եմ նրա անմեղության հարցում, սակայն եթե նման միտք թույլ տանք, ապա իշխանություներն են մեղավոր, քանի երկրում այնքան կոռումպացված համակարգ է և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ, որ նույնիսկ վետերանը ստիպված է գոյատևելու համար կաշառք վերցնել՚,- ընդգծել է Սարգսյանը:
Դաշտային հրամանատարների խորհրդի անդամը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն մարսի վետերանի նկատմամբ անարդար դատավճիռը: ՙՆրանք պատասխան կտան գողացված միլոնների, քաղաքացիների ու վետերանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նրանք պատասխան կտան անօրինականության համար, և դա տեղի կունենա շատ շուտով՚,- ընդգծել է Սարգսյանը: Վետերանը միաժամանակ ընդգծել է, որ Խորհուրդը մտադիր չէ որևէ ակցիա անցկացնել` ի պաշտպանություն Ավետիսյանի: ՙԱյս երկրում բողոքի ակցիաները և հանրահավաքները ոչինչ չեն փոխում: Երկրին հարկավոր է քաղաքացիների լիակատար համախմբում և հանկարծակի խռովություն՚,-ասել է նա:
Հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին: Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը` հավաստելով, որ իշխանություններն ուղղակի փորձում են պատժել իրեն անցած տարի կազմակերպված բողոքի ակցիաների համար:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի` Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: