Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
Փորձագետի ասելով, Հասան Ռոհանին իրանական վերնախավի վառ ներկայացուցիչ է, փորձառու դիվանագետ և բանակցող, իրանաիաքյան պատերազմի անմիջական մասնակից: Եվ ՙբարենորոգիչ՚ որոշիչը, որ նրա նկատմամբ կիրառվում է արևմտյան և, մասամբ, ռուսական հրապարակումներում, պայմանական է: Արեշևը կարծում է, որ իրանական վերնախավի ներկայացուցիչներն ինչ-որ նպատակների հասնելու համար կարող է կիրառել այս կամ այն մարտավարությունը, սակայն ռազմավարության առումով մրանք բոլոր միասնական են: ՙՌազմավարությունը մեկն է. երկրի միջազգային դիրքերի ամրապնդում և նրա անվտանգության ապահովում: Ինձ թվում է, որ Արևմուտքի հետ երկխոսւոթյուն հնարավոր է, ավելին, Իրանի առաջնորդները, անկախ նրանց իմիջից, բազմիցս առաջարկել են Արևմուտքի հետ փոխգործակցություն հիմնական խնդիրների շուրջ: Դրա ամենացայտուն օրինակը Մոհամադ Խաթամիի ՙՔաղաքակրթությունների երկխոսությունն՚ է: Այն ձախողվեց Արևմուտքի մեղքով, քանի որ նրան հարկավոր է հնարավորինս թույլ և պառակտված Իրան: Ով էլ որ լինի Իրանում իշխանության ղեկին` բարենորոգիչ, արմատական կամ պահպանողական, որպես հայրենասեր, նա չի կարող համաձայնել Արևմուտքի նման դիրքորոշմանը: Կարծում եմ, որ երկխոսությունն Իրանի և Արևմուտքի միջև, այդ թվում` միջուկային ծրագրի շուրջ, կզարգանա այդ հունով՚, - նկատել է Արեշևը:
Քաղաքագետը նաև նշել է, որ Ռոհանիի իշխանության գալով հնարավոր է Իսրայելի նկատմամբ հռետորաբանության փոփոխություն. հազիվ թե Իրանի առաջնորդների շուրթերից կարելի լինի լսլել հրեական պետությունը երկրի երեսից ջնջելու սպառնալիքներ: ՙՉնայած նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից նման սպառնալիքներին` այդ ուղղությամբ ոչ մի գործնական քայլ Իրանը չի ձեռնարկել: Սակայն այդ ագրեսիվ հայտարարությունները լրացուցիչ լարում էին առաջացնում ոչ միայն հրեական պետության, այլև նրան հովանավորող Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Դա շատ լուրջ հուզական բաղադրիչ էր ներմուծում Իրանի և Արևմուտքի միջև երկխոսությունում և, իհարկե, Թեհրանի օգտին չէր: Եվ ոչ միայն Ռոհանին, այլև մյուս թեկնածուները Ահմադինեջադին քննադատում էին այդ հռետորաբանության համար` դա համալերով ավելորդ՚, - նշել է Արեշևը:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի նախագահական ընտրություններում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին հաղթել է` հավաքելով ընտրողների ձայների 52,3 տոկոսը: