Մինչև 2013 թ.նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կավարտվեն, հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վայդոտաս Վերբան`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Նրա խոսքով, գոյություն ունեն բոլոր նախադրյալները այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար:
ՙՈրքանով ես գիտեմ, Ասոցացման համաձայնագիրը գործնականում արդեն պատրաստ է, վերջին շտկումներն են կատարվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ փաստաթղթում՚,- հաղորդել է նա: Դեսպանը նաև ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ պայմանագրերի նախաստորագրումից հետո շատ ժամանակ կպահանջվի ԵՄ ընթացակարգերի իրականացման և Հայաստանի լիիրավ ասոցիատիվ անդամակցության համար:
Վերբան նաև նշել է, որ իր համար անհասկանալի է ՌԴ վրդովմունքը`կապված Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետ, քանի որ, նրա կարծիքով, եվրաինտեգրումը չի բացառում երկրների զարգացման այլ ուղիներ և վերջիններիս փակուղային ընտրության առաջ չի դնում: ՙԵՄ-ն չի պնդում և չի դրդում, երկրներն իրենք են կատարում իրենց ընտրությունը: Հայաստանը նույնպես կատարել է իր ընտրությունը, և մենք օգնում ենք նրան՚,- հայտարարել է նա`ավելացնելով, որ Ասոցիատիվ անդամակցությունը երկրների միջև ՙպատերազմի՚ միջոց չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ՙկամ, կամ՚ ընտրության առաջ չի դնում: Նրա խոսքով, եթե հարցադրում անենք`կսահմանափակի արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այլ երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, պատասխանը միանշանակ ոչ կլինի: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա թույլ կտա Հայաստանին էլ ավելի ամրապնդել իր դիրքերը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ինտեգրացիոն երկու նախագծերի միջև պետք է տարրական համատեղելիություն լինի: ՙՄենք չենք ստիպում մեր գործընկերներին պակասեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նույնը մենք ասում ենք Մոսկվային: Մենք միմիայն կխրախուսենք ՌԴ հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք բխում են Հայաստանի շահերից՚,- ասել է Ֆյուլեն: