Ապրիլի 28-ից մայիսի 21-ը Երևանում տեղի կունենա ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական IX-րդ փառատոնը` նվիրված հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում նախատեսվում է 6 համերգ: ՙԱզգային պատկերասրահը՚ կբացի մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը /Շվեյցարիա/ և Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մայիսի 3-ին հանդես կգա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը` սեփական իմպրովիզացիաներով:
Փափատոնին կներկայացվի ժողովրդական երկու գործիք`հայկական քանոնը և ռուսական բալալայկան: Մայիսի 7-ին տեղի կունենա Դասական Եվրատեսիլ-2012 մրցույթի 3-րդ մրցանակին արժանացած պատանի քանոնահար Նարեկ Կազազյանի, մայիսի 16-ին`
բալալայկահար Անդրեյ Գորբաչովի համերգը /Ռուսաստան/:
Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ելույթ կունենա Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը: Մայիսի 21-ին`փառատոնի հանդիսավոր փակման օրը, հանդիսատեսին սպասվում է ՙՄոցարտ Գալա՚, որի ժամանակ կհնչեն Համերգ դաշնամուրի համար №17, ինչպես նաև հատվածներ օպերաներից և արիաներից: