Բավականին
տարօրինակ կլիներ, եթե Մոսկվան հանկարծ սկսեր արմատախիլ անել այն ինստիտուտները,
որոնք փոքրիշատե ապահովում են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստատուս-քվոն: Եվ
հենց այդ պատճառով Սոչիում չհիշատակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման նկատմամբ սզբունքային որևէ նոր մոտեցում, որը ինչ-որ բանով հակասեր
թարմացված «մադրիդյան սկզբունքներին»: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան, ՌՊՀՀ
արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ
Մարկեդոնովը:
Օգոստոսի 10-ին Սոչիում
Սարգսյան-Պուտին-Ալիև բանակցությունները պսակվեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ
Լավրովի հայտարարությամբ, որի համաձայն, նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը
պատրաստակամություն են հայտնել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո էլ շարունակել
երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
«Համենայն դեպս, ՌԴ
նախագահի հռետորաբանությունը, որն ընդգծեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման
առկա միջազգային ձևաչափերի կարևորությունն ու անփոփոխությունը, ոչ մի դեպքում ի
հայտ չբերեց ղարաբաղյան պարտիան արմատապես վերախաղալու Մոսկվայի մտադրություն:
Տվյալ դեպքում այդ դիրքորոշումը հիմնվում է զուտ գործնականության վրա, հաշվի
առնելով հաշտության գործընթացի նոր ձևաչափերի անկանխատեսելիությամբ հղի լինելը:
Իսկ հաշվի առնելով ուկրաինական խաղը` Ռուսաստանը, հաստատ, շահագրգռված չէ
աշխարհաքաղաքական մարտահրավերների բազմապատկմամբ սեփական սահմանների երկայնքով», -
համոզված է վերլուծաբանը:
Նոր
ռիսկերի նվազեցմանը միտված Մոսկվայի խաղադրույքը Մարկեդոնովը բացատրում է
Եվրասիայում իրավիճակի առկախմամբ նրա շահագրգռվածությամբ: Նրա ասելով, Մոսկվան
«վերաձևումներով» զբաղվում է իրեն հետաքրքրող ոլորտներից և տարածաշրջաններից դուրս
մղման վտանգ զգալու դեպքում միայն, ինչպես դա պատահեց Օսիայի և Աբխազիայի
պարագայում: Եվ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ` Սոչիի արդյունքը գործնական առումով
ընկալելու պայմանով, լիովին կարող էր ղարաբաղյան հարթակն օգտագործել որպես նախադեպ
Եվրասիայի մյուս տարածաշրջանների համար: «Չնայած այն հանգամանքին, որ առայժմ դժվար
է ասել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափը
կդառնա մշտական, արդեն պարզ է, որ այն վերստին պահանջված է, դժվար փոխարինելի և
չափազանց անհրաժեշտ», - ամփոփել է վերլուծաբանը: