Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարող վերնախավի տեսանկյունից վարչապետ Տիգրան Սարգսյանը չարիքներից փոքրագույնն է, և դրանով կարելի է բացատրել Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում թողնելու վերաբերյալ ՀՀԿ գործադիր մարմնի ապրիլի 18-ի նիստում կայացված որոշումը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
ՙԻմ կարծիքով, նախագահը ղեկավարվում է ՙձիերին անացտեղում չեն փոխում՚ սկզբունքով: Դա այն մոտեցումն է, որը մենք Սերժ Սարգսյանի պարագայում տեսնում ենք նրա կառավարման հենց սկզբից: Այդ մոտեցումն, անշուշտ, ներառում է որոշակի ներքին հակասություն, սակայն, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ կառավարող համակարգն իր մեջ պարունակում է բազմաթիվ խոցելի պահեր, և ցանկացած կտրուկ շարժում լուրջ սպառնալիք կդառնա այդ համակարգի կայունության համար: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը խուսափում է նման կտրուկ շարժումներից` Սարգսյանին թողնելով վարչապեի պաշտոնում՚, - կարծում է Մեհրաբյանը:
Փորձագետի կարծիքով, Հայաստանի իշխանական համակարգն այսօր ներկայացնում է շահերի և ազդեցության տարբեր խմբերի միջև զսպումների և հակակշիռների որոշակի միագումար: Այդ ֆոնին վարչապետի պաշտոնում Սրագսյանին փոխելու որոշումը, ամենայն հավանականությամբ, անառողջ հետաքրքրություն կհարուցեր բոլոր շահագրգիռ խմբերի շրջանում, որոնք կփորձեին վերաբաշխել այդ հաշվեկշիռն իրենց օգտին: Մեհրաբյանը Սարգսյանի նշանակման օգտին խոսող ևս մեկ, ոչ պակաս կարևոր գործոն է համարում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: ՙԻնչպես հայտնի է, այդ բանակցություններն սկսվել են Սարգսյանի վարչապետության օրոք, և ավելի նպատակահարմար կլիներ, եթե նրա օրոք էլ հասցվեին տրամաբանական ավատին: Ինձ քիչ հավանական է թվում Սարգսյանին փոխելը մինչև բոլոր այդ գործընթացների ավարտը, որոնք առնչվում են ԵՄ-ին, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակներ չծագեն՚, - ամփոփել է Մեհրաբյանը: