Վերջին 2-3 տարիներին մեծացել է Երևանում օձի հանդիպելու հավանականությունը, հայտարարել է փորձագետ-սողունաբան, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսւոմ:
Նրա ասելով, հանդիպում է 15 տեսակի օձ, որից թունավոր է միայն գյուրզան: Վտանգավոր սողունին կարելի է հանդիպել Երևանի մի քանի շրջաններում` Հրազդանի կիրճին, Հաղթանակի զբոսայգուն և Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներում: Փորձագետը համաձայն չէ այն կարծիքին, թե վերջին տարիներին օձերի թիվը մայրաքաղաքում ավելացել է: Նրա ասելով, տարբեր պատճառներով, որոնց թվում է քաղաքաշինության հետևանքով սողունների բնակության սովորական վայրերի խախտումը, սոսկ մեծացել է օձի հանդիպելու հավանականությունը: Միևնույն ժամանակ, Աղասյանը նվազագույն է համարում Երևանում հատկապես թունավոր օձի հանդիպելու հավանականությունը. ըստ մոտավոր հաշվարկների, 2-3 հա-ին բաժին է ընկնում մեկ գյուրզա: Բայց ի՞նչ անել, եթե ճակատագրական հանդիպումն, այնուամենայնիվ, կայացել է: Եթե խոսքը վերաբերում է 1-2 մետրին, փորձագետը խորհուրդ է տալիս հեռանալ: Ավելի մոտ տարածության վրա արժե կանգնել անշարժ, սպասելով, մինչև օձն ինքը հետ սողա:
Տարեսկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 20 դեպք, իսկ Արցախում` 10 (հունիսի 13-ի դրությամբ):