ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր մտահոգությունն է հայտնել ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ:
'
ՙԵս մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով: Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի և Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ՚,-նշված է ԱրմԻնֆո-ին ուղարկված հայտարարությա մեջ: Հիշեցնենք, որ այդ օրը Արշամյանը և Սաղաթելյանը վնասվածքներով և ջարդվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք մասնակցել էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն դեմ բողոքի ակցիային:
Փաստաթղթում նշված է, որ ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա:
ՙՀույժ կարևոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական՚,-ասված է հայտարարության մեջ: