Ուկրաինական ճգնաժամի շարունակումը, այդ թվում`սրացումը, կարող է բարձիթողի թողնել ղարաբաղյան հակամարտությունը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը`կանխատեսելով իրավիճակի սրման հեռանկարները ղարաբաղյան հակամարտության գոտում:
ՙՎտանգն այն է, որ համաշխարհային առաջատար խաղացողները հազիվ թե ի վիճակի լինեն հեռանալ ուկրաինական խաղից`զրոյական գումարով: Միակ այլընտրանքը դրա շարունակությունն է, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ ղարաբաղյան հակամարտության առաջին պլանում կհայտնվեն արդեն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, այլ`ԶՈւ զինծառայողները ղարաբաղյան շփման գծում կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին: Այս համատեքստում ակնհայտ է, որ առանց աշխարհում ու առանձին տարածաշրջաններում խաղի կանոնների վերաբերյալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լիարժեք երկխոսության, քաոսից և անկայունությունից բացի, ոչինչ չի լինի՚,- ընդգծել է վերլուծաբանը:
Նրա խոսքով, չնայած Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների միաձայն դատապարտմանը`Ուկրաինայում շարունակվող դիմակայության և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում անըմռնողության խորացման պայմաններում Ղարաբաղում համատեղ միջնորդության արդյունավետություն ակնկալել չենք կարող: Հենց Ուկրաինայի շուրջ իրավիճակը ցույց է տալիս, որ հետխորհրդային տարածությունում հակամարտությունները, եվրոպական և միջազգային անվտանգության համատեքստից դուրս, լուծելի չեն: ՙԲայց կարևորը նույնիսկ դա չէ: Այս ամենը Ղարաբաղում հակամարտող կողմերին հիմքեր է տալիս խաղագումարների ինքնուրույն բարձրացման համար`ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության դեպքերի ավելացման միջոցով: Այսպիսով, Ոկրաինայում շարունակվող մարտերը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սառեցումն արգելափակում են այլ ուղղություններով համագործակցությունը`բարձիթողի թողնելով Ղարաբաղը և այլ թեժ կետեր, ինչը նոր մարտահրավերներ և սպառնալիքներ կստեղծի, այդ թվում`Մոսկվայի և Վաշինգտոնի համար՚,- ամփոփել է Մարկեդոնովը: