Հոկտեմբերի 26-ին, ժ. 12:00- 17:00 Մոսկվա կինոթատրոնում
տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և
բջջային խաղերի նախագծման առաջնությանը ներկայացված խաղերի հանրային ցուցադրությունը,
որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այդ օրը բոլոր ցանկացողներն ու հետաքրքրված անձինք
հրավիրվում են տեսնելու, փորձելու և խաղալու հայ երիտասարդների ու պատանիների
կողմից մշակված համակարգչային և բջջային խաղերը:
«Բաց Խաղ» առաջնությունն անցկացվում է
2011թ.-ից և նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել
նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում «Made in Armenia» բրենդ և զգալի
դերակատարում ունենալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև
բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել
իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:
«Այս տարվա
մրցույթում շեշտը դրել ենք պատանիների ոգեշնչմանը և խրախուսմանը: Ինչպես
յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես ներկայացված խաղերում տեսնում ենք որակական
աճ: Խաղերի մի մասն արդեն իսկ հասանելի են շուկայում, մյուս մասը դեռևս զարգացման
փուլում են»,- ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության
գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Բաց Խաղ 2014» առաջնության խաղերի
ցուցահանդեսին ներկայացված է 20 խաղ: Առաջնությանը միացել են մասնակիցներ ոչ միայն
Երևանից այլ նաև Լոռիից, Արմավիրից և Արարատից: Մասնակիցները մրցելու են նախապես
հայտարարված 8 անվանակարգերում` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ»,
«Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն
3D լուծում», «Պատանիների առաջնություն- Junior» և «Ժողովրդական մրցանակ»:
Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու առաջնության մասնակիցների
ներկայացրած աշխատանքներին, ինչպես նաև քվեարկել նախընտրած խաղի օգտին:
Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»:
Առաջնության «Լավագույն խաղը» նոյեմբերին կներկայացվի Casual Connect Բելգրադ
համաժողովին և կմասնակցի նրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը:
Առաջնության մրցանակային ֆոնդը 3.500.000 դրամ է:
«Բաց Խաղ» առաջնությունը հայկական խաղերի զարգացման
ոլորտում արդեն հասցրել է դառնալ ավանդական և սպասվող իրադարձություն: Այս տարի
առաջնության մասնակիցների համար ունենք հատուկ անակնկալ՝ նրանցից մեկը կստանա
հնարավորություն վերապատրաստվել Ֆրանսիայում` Orange Խմբի` հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից
մեկում: Օrange-ի այս հատուկ մրցանակի հաղթողին որոշելու համար, Ֆրանսիայից է
ժամանել Ալեքսանդր Մինոսը, ով Orange-ի մասնագետների հետ միասին կուսումնասիրի
մասնակից խաղերը և կընտրի հաղթողին»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և
հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ
Orange-ի մրցանակի շրջանակներում վերապատրաստումը վարձատրվելու է, բացի այդ Օրանժ
Արմենիան կհոգա նաև ավիատոմսերի ծախսերը:
«Բաց Խաղ» առաջնությունը արդեն չորրորդ տարին
անընդմեջ կազմակերպում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների
Միությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև
«ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր: «ՍոֆթՔոնսթրաքթ»
ընկերությունն առաջնության ողջ ընթացքում ուշի ուշով հետևում ու աջակցում էր «Բաց
Խաղի» մասնակիցներին և ուրախ ենք արձանագրել, որ հայաստանյան խաղեր ստեղծողները
նման հաջողություններ են արձանագրում: Հատկապես ուրախալի է, որ մրցույթին
մասնակցում են մարզերի ներկայացուցիչները: Մենք գոհ ենք ԻՏՁՄ և Օրանժ Արմենիայի
հետ համագործակցությունից և պատրաստ ենք շարունակել այն»,-ասաց «ՍոֆթՔոնսթրաքթ»
ընկերության հաճախորդների հետ հարաբերությունների սպասարկման ղեկավար Տաթևիկ
Հակոբյանը:
Առաջնության
ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ,
ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Frismos, Plexonic, Triada, SoftConstruct,
HitBits, Zoom Graphics ընկերություններից և
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից: