Հայաստանն ամենևին մտադիր չէ Մաքսային միությունում որևէ պետության ՙպոչ՚ դառնալ: Հայաստանը ՄՄ է գնում` մեզ համար առավել շահեկան վիճակ ստեղծելու նպատակով: Այդ մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՙԱյդ վեկտորին մեր համաձայնությունը դեռ չի նշանակում, որ մենք արդեն հայտնվել ենք այդ կառույցում: Մենք ընտրել ենք դեպի ՄՄ ընթանալու ճանապարհը, սակայն, եթե որևէ քաղաքական վտանգ տեսնենք, մենք, անշուշտ, այլ ճանապարհ կընտրենք՚,- ընդգծել է հանրապետականը: Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցման գործընթացը երկարատև աշխատանք է ենթադրում` հատկապես հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների մոտեցումների տարբերությունը:
ՙՆախօրեին Մինսկում կայացած հանդիպումը կարևոր է Ղազախստանի և Բելառուսի կողմից` ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գաղափարի աջակցման առումով: Սակայն, ՄՄ երկրների հետ մեր ինտեգրումը հարկավոր է ապահովել` ոչ Հայաստանի ժողովրդի և ինքնիշխանության հաշվին՚,- ասել է Գալուստ Սահակյանը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մաքսային միության երկրները սատարել են Եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի և Ղրղզստանի միանալու մտադրություններին: Այս համատեքստում, ամենամոտ ապագայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստանի և Ղրղզստանի համար համապատասխան ՙճանապարհային քարտեզի՚ ստեղծմամբ: