Եթե Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, մենք այն կուսումնասիրենք և համապատասխան որոշում կկայացնենք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարցին:
1990 թվականից ընտանիքի հետ Հայաստան բնակվող Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, 1-ին աստիճանի ՙՄարտական խաչ՚ շքանշանի ասպետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չունի: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Սեֆիլյանի կողմից 2004, 2006 և 2008 թվականներին ներկայացված դիմումները Հայաստանի իշխանությունների կողմից մերժվել են` վերջիններիս կանխակալ դիրքորոշման հետևանքով:
Իշխանություններն անտեսել և մերժել են նաև Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, ճանաչված հայերի, Հայաստանի և Սփյուռքի հազար քաղաքացիների դիմումները:
ՙՈւզում եմ հիշեցնել, որ քաղաքացիություն ստանալու խնդրանքին մերժում ստանալուց հետո Սեֆիլյանը կրկին մեզ նման խնդրանքով չի դիմել: Դժվար է քաղաքացիություն տալ մի մարդու, ով դրա համար չի դիմել: Ուստի, ինչպես ասվում է հին անեկդոտում, շահելու համար, նախ, հարկավոր է վիճակախաղի տոմս ձեռք բերել՚, - նշել է Սարգսյանը:
Նրա ասելով, նախագահի աշխատակազմը պատրաստ կլինի ուսումնասիրել և որոշում կայացնել միայն այն ժամանակ, երբ Սեֆիլյանը կրկին դիմի:
2006 թվականի դեկտեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչերի համար մեղադրանքով և մինչև 2008 թվականի սեպտեմբերը կալանքի տակ էր: Այս տարվա սկզբին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 6055 եվրո տանուլ տվեց ՙՍեֆիլյանն ընդդեմ Հայաստանի՚ գործի շրջանակում: ՄԻԵԴ գտել է, որ 2006 թվականի ամռանից ՍԵֆիլյանի անձնական հեռախոսազրույցների լսումը, իսկ այնուհետև նրա ձերբակալությունը և 8 ամիս նախնական կալանքի տակ պահելը իրականացվել են Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: