Մինչև տարեվերջ Հայաստանում կընդունվի Մեծամորի ԱԷԿ շահագործման ժամկետների երկարաձգման ծրագիր: Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ ԲԲԸ գլխավոր ինժեներների հինգերորդ տեխնիկական սեմինարի ընթացքում:
Նրա ասելով, ծրագիրը մշակվում է ՙՌոսատոմի՚ մասնագետների հետ համատեղ, որոնց հետ այդ հարցի շուրջ բանակցությունները, գործնականում, ավարտվել են: Միաժամանակ, ամենաուշը 10 տարում նախատեսվում է կառուցել նոր միջուկային բլոկ` 1000 մեգավատ հզորությամբ ռուսական ռեակտորով: Ընդ որում նախատեսվում է, որ ՙմիջուկային կղզին՚ կլինի լովին ռուսական, իսկ ՙտուրբինային կղզին՚ և մյուս համակարգերը ` մրցութային հիմունքով: Ռուսական կողմը ներդրումների տեսքով կֆինանսավորի ՙմիջուկային կղզու՚ իր մասը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից համաֆինանսավորմանը, ապա, ինչպես ափսոսանքով փաստել է փոխնախարարը, երկրի պետական բյուջեում համապատասխամ միջոցներ չկան: Այդ առնչությամբ նախատեսվում է նախագծի հայկական մասում ներգրավել այլ ներդրողների, որոնց հետ բանակցություններն առայժմ ոչնչի չեն հանգեցրել: Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց Հայաստանին վարկային ռեսուրսներ տրամադրել: Մինչդեռ, ինչպես նշել է Գալստյանը, ժամանակն արդեն սուղ է: ՙ2014 թվականը կլինի կրիտիկական, որի ընթացքում անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել բլոկի կառուցման ուղղությամբ՚, - ընդգծել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով, ՀԱԷԿ 1000 ՄՎտ հզորության նոր բլոկի կառուցման նախագծի արժեքը կարող է կազմել շուրջ 5 մլրդ դոլար: Նախագծի համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006 թվականին Հայաստանի խորհրդարանը վերացրել է միջուկային էներգաբլոկների սեփականատիրության իրավունքի պետական մենաշնորհը: