Այսօր Լիտվայի
մայրաքաղաք Վիլնյուսում բացվում է Արևելյան
գործընկերության երկրների երկօրյա գագաթնաժողովը, որին կմասնակցեն 34 պետությունների,
մասնավորապես, ԵՄ 28 երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակից վեց
երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի
ներկայացուցիչներ: Վիլնյուսի գագաթնաժողովը կընթանա Եվրախորհրդի նախագահ Խերման
Վան Ռոմպեյի նախագահության ներքո, ով
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ միասին միջոցառմանը
կներկայացնի Եվրամիությունը: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵՄ արտաքին գործերի և
անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը,
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական
քղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Արևելյան գործընկերության
ծրագրի գծով ԵՄ գործընկեր երկրներից միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիլին,
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Պաշտոնկան օրակարգի
համաձայն, նոյեմբերի 28-ին կկայանա Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի,
Եվրախորհրդի ղեկավար Խերման Վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել
Բարոզուի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայում առկա իրավիճակը և կհամաձայնեցվի
Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարների նկատմամբ դիրքորոշումը: Դրանից հետո
կընթանա եվրոպական երկրների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում վերջնական
որոշումներ կկայացվեն ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ: Երեկոյան կկայանա
աշխատանքային ընթրիք ԵՄ անդամ երկրների պետությունների և կառավարությունների
ղեկավարների, ինչպես նաև ծրագրի մասնակից վեց երկրների պետությունների ղեկավարների
և կառավարությունների անդամների մասնակցությամբ: Բացի այդ, կանցկացվի քաղաքացիական
հասարակության խորհրդաժողով, որի ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից
երկրների և ԵՄ անդամ երկրների
քաղաքացիական հասարակության առաջնորդները կքննարկեն խոշորագույն մարտահրավերները:
Նոյեմբերի 29-ին կընթանա
Արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրերի ստորագրման արարողություն և
լիակազմ նիստ, որի ընթացքում 34 երկրների պետությունների ղեկավարներն ու
կառավարությունների անդամները կքննարկեն ձեռք բերված առաջընթացը, ծրագրի
հեռանկարներն ու նպատակները: Ավելի ուշ կկայանա Լիտվայի նախագահի հանդիպում ծրագրի
մասնակից վեց պետությունների ընդդիմության ներկայացուցիչների հետ: