Չվստահել Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգին, նշանակում է`չվստահել ոչ միայն հանրապետության կառավարությանը, այլ նաև հայկական պետականությանը, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը`պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով, 40 տարի անց կփոխվի կառավարությունը, բայց կմնա Հայաստանի Հանրապետությունը: ՙԵթե մարդիկ վստահություն չունեն, թե ինչ կլինի Հայաստանում 40 տարի անց, ինչու են ապրում այստեղ, զբաղվում բիզնեսով, ամուսնանում, երեխաներին տանում դպրոց՚,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: ՙՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին՚ օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):