Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական տնտեսական
միությանը Հայաստանի անդամակցության շուրջ համաձայնագրի ստորագրումը խառնեց
ընդդիմության խաղաթղթերը, որն Ազատության հրապարակում այդպես էլ չկարողացավ
կողմնորոշվել, թե ինչ առաջարկի ժողովրդին: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է
հայտնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Ոչ իշխանական եռյակի
առաջնորդներն այդպես էլ չկարողացան հստակ ձևակերպել իրենց նպատակներն ու
խնդիրները: Միասնական դիրքորոշում մենք այդպես էլ չլսեցինք: Եթե «Ժառանգության»
առաջնորդը քննադատեց ԵԱՏՄ շուրջ համաձայնագրի ստորագրումը, ապա ՀԱԿ առաջնորդը,
գործնականում, դրան հավանություն տվեց, իսկ ԲՀԿ առաջնորդն, ընդհանրապես, պահպանեց
լռություն: Կարծում եմ` հասարակությունը հասկացավ, որ ընդդիմության հետ կենսական
խնդիրների լուծման հույսեր կապելն անիմաստ է: Ավելին, իշխանափոխության մասին
խոսում էին միայն «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, իսկ ԲՀԿ-ն դարձյալ նախընտրեց լռել»,
- նշել է Մելիքյանը:
Նրա
ասելով, անհասկանալի է նաև ընդդիմության ձևաչափը, մերթ դա «եռյակ» է, մերթ վեր է
ածվում «քառյակի»` ՀԺԿ միանալուց հետո: «Չեմ զարմանա, եթե վաղն այն դառնա դուետ»,
- նշել է Մելիքյանը` ոչ առանց հումորի: