Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, իսկ հիմա արդեն տնտեսական միության ձևաչափն ամենահարմարն է Հայաստանի բազմամակարդակ անվտանգության ապահովման համար` հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ սպառնալիքները, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
ՙՀայաստանը միշտ հավասարակշռված քաղաքականության օրինակ է եղել, հմտորեն լուծումներ է գտել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում` հետևելով իր ազգային շահերին: Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը տրամաբանական քայլ է, այդ թվում` վերաճած ՀԱՊԿ-ին անդամակցությունից և Մոսկվայի հետ վաղեմի դաշնակցային հարաբերութուններից՚,- նշել է նա:
Պոլիկանովը վստահ է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնի այն բանին, որ Երևանում ամեն բան արվի Մոսկվայի ցուցումով: Այս առումով նա վկայակոչել է ԵԱՏՄ փորձը, ինչը ցույց է տալիս, որ թե’ Բելառուսը, թե’ Ղազախստանն իրենց ձեռնտու օրակարգի առաջմղման մի շարք հնարավորություններ ու լծակներ ունեն: ՙԳտնում եմ, որ Հայաստանին ևս դա նոր հնարավորություններ կընձեռի անվտանգության ապահովման համար` ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական՚,- ամփոփել է Պոլիկանովը: