Մարտի
26-ին Ամիրյան փողոցի մի շարք շենքների բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել
նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով վերադարձնել իրենց բնակարանները:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ 2004
թվականին այն տարածքը, որտեղ գտնվում էին իրենց տները, ճանաչվել է իրացման գոտի,
23 տների սեփականտերերի բնակարաններ են խոստացվել նորակառույցներում, սակայն մինչ
օրս բնակարանները չկան: Բնակարաններից
մեկի սեփականատեր Վաչագան Թադևոսյանը նշել է, որ Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20
հասցեների բնակարաններում հնարավոր չէ ապրել, քանի որ տարրական կենցաղային
պայմաններ չկան: «Չկան ոչ պատուհաններ, ոչ դռներ, ոչ վերելակ, սակայն
կառուցապատողը լրացուցիչ վճարումներ է պահանջում», - հայտարարել է նա, հավելելով,
որ սեփականատերերը մտադիր չեն լրացուցիչ վճարումներ կատարել:
Թադևոսյանը նշել է, որ սեփականատերերի մի մասն արդեն
արտագաղթել է, իսկ ովները չեն ցանկանում բյուրոկրատական քաշքշուկի մեջ ներքաշվել:
«Բնկարանների վերադարձը մեզ երաշխավորել է քաղաքապետարանը, ավելի ուշ
պարտավորությունները գցել են Ֆինանսների նախարարության վրա, իսկ այժմ ստեղծվել է
անորոշ իրավիճակ», - եզրափակել է նա:
Ավելացնենք, որ հավաքվածները նամակ են փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանին` պահանջելով լուծել այդ հարցը: