ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների
պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության
կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են
ԵԱՀԿ մամուլի ծառայությունում:
ՙՄենք`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների
պատվիրակությունների ղեկավարներս / ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ
պետաքարտուղար Ջոն Քերի և Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով պետքարտուղար Առլեմ
Դեզիր/, շարունակում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ
կարգավորմանը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք կողմերին կոչ ենք
անում զերծ մնալ բռնությունից և ակտիվ գործողություններ ձեռնարկել հաստատուն
կարգավորման ձեռքբերման ուղղությամբ՚,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Միաժամանակ
պատվիրակությունների ղեկավարներն ափսոսանք են հայտնել
անցնող տարում հայ-ադրբեջանական սահմանին և շփման
գծում բռնությունների աճի առնչությամբ:
Նրանք նշել են, որ ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսի
ռազմական գործողությունները մարդկային կորուստների, լարվածության աճի և կողմերի
միջև անվստահության խորացման պատճառ են դարձել: Միջնորդները կողմերին կոչ են արել
լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ և ավելի
բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղարար բանակցություններում առաջընթացի համար:
ՙՆոյեմբերի 12-ին ողբերգություն է տեղի ունեցել,
շփման գծում ռազմական ուղղաթիռ է խոցվել, ինչը վերահաստատում է կողմերի միջև
լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանն ուղղված գործողություններ
ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա հետագայում խուսափել նման
միջադեպերից: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել`իրավիճակի
հետագա սրացումը կանխելու նպատակով՚,- ասվում է
հայտարարության մեջ:
Ըստ որում, նրանք կողմերին կոչ են արել կարգավորել
մարդասիրական հարցերը` հիմնված 2010 թ. հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և
Ռուսաստան նախագաների Աստրախանի հայտարարության վրա: Պատվիրակությունների
ղեկավարները նշել են, որ Սոչիում, Նյուպորտում և Փարիզում բարձր մակարդակով
հանդիպումներն աշխուժացրել են կողմերի միջև շփումները, և այս համատեքստում նրանք
ողջունել են Փարիզում նախագահների համաձայնությունը գալիք տարում երկխոսությունն
ակտիվացնելու վերաբերյալ:
ՙԺամանակն է, որ կողմերը հաղթահարեն
տարաձայնությունները, վերականգնեն վստահությունը և հարգեն բանակցային գործընթացի
պարտավորությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորմանը՚,-
ասվում է հայտարարության մեջ:
Ըստ որում, նշվում է, որ հակամարտության համապարփակ
կարգավորման հիմք են այն տարրերն ու սկզբունքները, որոնք շարադրված են Ռուսաստանի,
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների մեջ, հատկապես նրանք,
որոնք քննարկվել են Փարիզում կայացած վերջին հանդիպման ժամանակ:
ՙՀամանախագահող երկրների հովանու ներքո համապարփակ
խաղաղարար համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ:
Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ` տևական կարգավորման
հասնելու նպատակով, բայց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմնական պատասխանատվությունը
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքում է՚,- ասված է համատեղ հայտարարության
մեջ: