Ղրիմում
Ռուսաստանի գործողություններից հետո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն
ավելի արդիական է դարձել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ
Մորնինգսթարը «Ռադիո Ազատության» հրապարակած հարցազրույցում, հաղորդում է
«Թուրանը»:
Նա
ընդգծել է, որ Ղարաբաղի հարակից 7 շրջանների ազատումն անվերապահ պայման է և
ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի մասը, իսկ տարածաշրջանի վերջնական
կարգավիճակը կարող է որոշվել հետագա բանակցությունների ընթացքում: «Ղրիմում
Ռուսաստանի գործողություններից հետո` ով գիտե, թե նա կամ մի երրորդ երկիր ինչպես կարող
են օգտագործել իրավիճակը: Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ
անգամ ընդգծել, որ Ադրբեջանն ու ԱՄՆ պետք է ձգտեն պահպանել հարաբերությունները:
Քանզի, ինչպես ավելի վաղ արդեն նշել եմ, ո՞վ է կանգնելու Ադրբեջանի անկախության
համար, ո՞վ` ԱՄՆ-ից ու Եվրոպայից զատ», - հայտարարել է Մորնինգսթարը:
«Ինձ
թվում է` Ադրբեջանի կառավարությունում շատերը, այդ թվում նախագահը հասկանում են,
որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են: Սակայն, հնարավոր է,
կառավարությունում չեն ցանկանում Մայդանի իրադարձությունների կրկնում Ադրբեջանում:
Այդ մարդկանց կարծիքով, դրա համար հարկավոր է ուժեղացնել ճնշումը մարդու
իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ: Սակայն դա վատ դաս է` քաղված ուկրաինական
իրադարձություններից: Մի կողմից` կա կարծիք, որ Ուկրաինայի
իրադարձություններից հետո ԱՄՆ հետ
հարաբերությունները կարևոր են, մյուս կողմից` կարծիք կա, որ հարկավոր դժվարացնել
քաղաքացիական հասարակության գործունեությունը, որպեսզի դա (Մայդանը) չկրկնվի
Ադրբեջանում», - ասել է դեսպանը:
Այդ
դիրքորոշումը, նրա ասելով, սխալական է, և քաղաքացիական հասարակությանը «թթվածնից զրկելը» մեծացնում է «Մայդանի» կրկնման
հավանականությունը, եթե ոչ այժմ` ապա 5 կամ 10 տարի անց: Մորնինգսթարը համաձայն է այն
կարծիքին, որ ուկրաինական իրադարձությունները վկայում են այն մասին, թե ինչպես
կոռուպցիան հանգեցրել է պետական համակարգի փլուզման: Նրա ասելով, Ադրբեջանում այդ
առումով դեռ խնդիրներ կան: «Մենաշնորհները, օլիգարխիական տնտեսությունը լուրջ
խնդիր է, որը խոչընդոտում է Ադրբեջանի տնտեսության զարգացմանը, հատկապես, ոչ
էներգետիկ հատվածում», - հայտարարել է դիվանագետը: