Հայաստանի իշխանությունները քննարկումներ են սկսել երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ, և չի բացառվում, որ քննարկումների արդյունքում ՀՀԿ-ում որոշում կայացվի՝ առաջարկել անցում խորհրդարանական հանրապետության: ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
ՙՔննարկումներն ընթանում են բավականին երկար ժամանակ՚, - ասել է Հարությունյանը, մանրամասնելով, որ 2005-ին ընդունված Սահմանադրության ոչ բոլոր լուծումներն են այսօր համարվում բավարար: ՙԵվ այդ տեսանկյունից կան տարբեր կարծիքներ, որ ժամանակն է անդրադառնալու Սահմանադրությանը և կատարելու որոշակի փոփոխություններ: Կան որոշակի վտանգներ, որոնք մենք տեսնում ենք: Կարող եմ ասել, որ որոշումներ կայացնողների մոտ արդեն ձևավորվել է այն կարծիքը, որ Սահմանադրությանը պետք է անդրադարձ կատարել՚, - հավելել է նա:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նշել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցը վստահաբար քննարկման առարկա դառնալու է, սակայն դա միակ մոդելը չէ, որը կլինի քննարկման առարկա:
ՙՊետք է խնդրին նայել այլ տեսանկյունից. ո՞րն է առավել արդյունավետ Հայաստանի համար ստեղծված իրավիճակում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքին քաղաքական՚, - ասել է նա:
ՙՀանրապետականի ներսում դեռևս որևէ հստակ տարբերակ չի քննարկվել: Քննարկումները կծավալվեն, երբ սկսեն հնչել առաջարկություններ: Ես չեմ բացառում նման տարբերակի քննարկում, ինչպես նաև ցանկացած այլ տարբերակի քննարկում՚, - հավելել է Հարությունյանը: Նա կարծիք է հայտնել, թե քննարկումները կտևեն մի քանի ամիս՝ մինչև որոշակի հայեցակարգի ձևավորվելը, որը ՙԱմանորից շուտ չի լինի՚:
Նա չի բացառել, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցանկը կարող է գլխավորել ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, և ՀՀԿ հաղթանակի դեպքում Սարգսյանը կընտրվի վարչապետ՝ արդեն այդ կարգավիճակով գլխավորելով Հայաստանը:
Հիշեցնենք, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտության մասին բազմիցս խոսել են ընդդիմադիր ուժերը: 2012 թվականի վերջին իշխանության նկատմամբ ՙայլընտրանքային՚ ԲՀԿ նախաձեռնել էր այդ հարցի քննարկումներ խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն կողմերին այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության հասնել: