Հայաստանի հանրապետական կուսակցությունում հերքել են ՙերիտասարդ՚ և ՙհին՚ հանրապետականների միջև հասունացող հակասությունների մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, ինչի առիթ է իբր հանդիսացել քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավարումը ՀՀԿ նոր սերնդի, մասնավորապես` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ընդգծել է, որ դա ԶԼՄ-ների հորինվածքն է: Զոհրաբյանը հավաստիացրել է, որ Մարգարյանի նախընտրական շտաբը Շարմազանովի ղեկավարությամբ աշխատում է շատ արդյունավետ, և կուսակցությունում վերջինիս գործունեության առնչությամբ որևէ բողոք չկա: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, բոլոր այդ խոսակցությունները տարածվում են նախընտրական շտաբի ղեկավարությանը և, մասնավորապես, Շարմազանովին նախանձողների կողմից: Ըստ որում, Զոհրաբյանը չի բացառել, որ այդ նախանձողները կարող են նաև կուսակցության ներսում լինել: