Թուրք մտավորականության մի խումբ ներկայացուցիչներ
հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Թուրքիայի պատմության
դասագրքերի բովանդակությունը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հայտարարությունում, որն ստորագրել է 50
մարդ, նշվում է, որ թուրքական դպրոցների պատմության դասագրքերում տեղ են գտել կրոնական և ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի դեմ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտություններ: Ուստի մտավորականները
կոչ են արել պատմության դասագրքերը հանել ուսումնական ծրագրից և ներողություն խնդրել հայ աշակերտներից:
Պատմաբան Թաներ Աքչամը, խոսելով մտավորականների հայտարարության մասին,
նշել է. «Այս կոչը մեզ հիշեցնում է, թե որքան մեծ կարևորություն
ունի այնպիսի դասագրքերի պատրաստումը, որոնք էթնիկ, կրոնական խմբերի միջև ոչ թե ատելության, այլ խաղաղության, եղբայրության և համակեցության
զգացումներ կխրախուսեն և կներկայացնեն ոչ թե սուտը,
այլ ճշմարտությունը»:
Հայտարարության տակ ստորագրել են՝ Ահմեթ Հաքանը, Ալի Նեսինը, Ալի Բայամօղլուն, Բասքըն Օրանը, Ֆաթիհ Աքընը, Հասան Ջեմալը, Մուրաթ Բելգեն, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը և այլոք: