Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցներն էական են, մայիսի 22-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի գինը բարձր է միջազգային պատժամիջոցների պատճառով:
Ինչպես նշել է դիվանագետը, քանի որ Իրանը չի դրսևորում միջուկային զենքի արտադրությունից հրաժարվելու մտադրություն և հարգանք միջազգային պարտավորությունների նկատմամբ, այդ պատժամիւոցները կշարունակվեն: ՙՀայաստանը, որպես ՄԱԿ անդամ, հարգում է այդ պատժամիջոցները, և մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը՚, - հայտարարել է դեսպանը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: ՙԻրանի արտահանման նկատմամբ էմբարգոյի մասին ակտ՚ նոր օրինագիծը արգելք է նախատեսում ԻԻՀ կառավարության սեփականություն հանդիսացող և դրա կողմից վերահսկվող որևէ ընկերության ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նկատմամբ: Փաստաթուղթը նաև շրափակում է Իրանի կառավարության հետ կապված ընկերությունների բոլոր ակտիվները և արգելում նրանց ապահովագրական ծառայություններ մատուցել: Օրինագիծն ուղղված է ոչ միայն իսլամական հանրապետության, այլև այն օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք գործեր են վարում այդ երկրի հետ: Դրա հիմնական նպատակը Իրանի ղեկավարության նկատմամբ ճնշման ուժեղացումն է, որպեսզի նրան ստիպեն կատարել միջազգային պարտավորությունները և հրաժարվել միջուկային զենք ստանալու փորձերից: