ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաշալի մասնագետ է, բայց կառավարման համակարգը նրան թույլ չի տալիս դրսևորելու իր պրոֆեսիոնալիզմը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
ՙՆախագահ Սերժ Սարգսյանը գնահատում է Տիգրան Սարգսյանին որպես մասնագետի և, ելնելով դրանից, պահպանում է նրան վարչապետի պաշտոնում, ուշադրություն չդարձնելով բամբասանքներին ու բազմաթիվ քննադատություններին՚,-նշել է նա: Կոմունիստը նաև նշել է, որ երկրում տիրում է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ, որն առաջացնում է ժողովրդի դժգոհությունը, տանելով նրան դեպի հրապարակ, որտեղ հանրահավաքներ են անցկացնում ընդդիմադիր ուժերը: ՙՎստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ՙԲարև Երևան՚ շարժման մասնակիցների մի մասն իրենց ձայները նախագահական ընտրություններում տվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանին և հրապարակ են գնում բացառապես նրա համար, որպեսզի հերթական անգամ դրսևորեն իրենց դժգոհությունը՚,-ընդգծել է նա:
Կոմունիստը նաև նշել է, որ չի պատրաստվում միավորվել Հովհաննիսյանի շարժմանը, քանի որ նրա հետ չունի որևէ գաղափարական ընդհանուր հայացքներ: Ըստ Թովմասյանի, շարժումը ոչ մի նոր բան չի առաջարկում: ՙՏեղի կունենա միայն աթոռների փոփոխություն, կփոխվեն անձինք, բայց արմատական փոփոխություններ երկրի կյանքում պետք չէ ակնկալել: Իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե ինպես ստեղծեն այդ խոստացված աշխատատեղերը, ինչպես զարգացնեն տնտեսությունը՚,-նկատել է նա: Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ Կոմկուսը դեռևս մնում է ռուսամետ արտաքին քաղաքականության ուղղության կողմնակիցը և սատարում է Եվրասիական միության ստեղծման գաղափարին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանն այդ միությանը, քանի որ, նրա կարծիքով, դա ԽՍՀՄ-ին մոտ գտնվող մոդել է և ավելի ձեռնտու է երկրին: