Քանի դեռ միջազգային հանրությունը
որոշակի պատժամիջոցներ չի կիրառել ալիևյան ագրեսոր վարչակազմի նկատմամբ,
ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվեն Բաքվի սադրանքները, որոնք տասնյակ
մարդկանց կյանք են արժեցել: Այդ մասին ասվում է Կանադայի հայ ազգային կոմիտեի
հայտարարությունում, որն առնչվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՄԻ-24 հայկակման ուղղաթիռի խոցմանը:
«Ղարաբաղյան
հակամարտության գոտում Բաքվի այդ և այլ սադրանքներն այն բանի հետևանք են, որ
միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանցի զինծառայողի
կողմից քնած հայ սպայի կացնահարումը ՆԱՏՕ դասընթացների ժամանակ, միջոցներ չի
ձեռնարկել սպանությունները խրախուսող ալիևյան վարչակազմի նկատմամբ: Այս անգամ էլ
ուղղաթիռը խոցած զինծառայողը դարձյալ պարգևատրվել է, ինչպես քնած հայ սպային
սպանած Ռամիլ Սաֆարովը: Եվ քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է աչք
փակել Ալիևի հանցավոր քաղաքականության վրա, միջադեպերը ղարաբաղյան հակամարտության
գոտում կշարունակվեն, և հիմնախնդրի խաղաղ կարգավորումն անհնար կլինի», - ասվում
է հայտարարությունում:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: