«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ իր հիմնադրման պահից`2001թ, առ այսօր աշխատել է վնասով: Այս մասին է ասված ձեռնարկության մամուլի ծառայության հայտարարության մեջ, ի պատասխան քննադատությանը, որը հնչեցվել էր գործարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ կողմից կազմակերպված լսումների ընթացքում:
Նշենք, որ
լսումների ընթացքում ձեռնարկության նախկին ղեկավար Կարեն Իսրայելյանը հաղորդել էր,
որ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտի» սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն իրականացրած
լիներ մոտ 60 մլն. դոլարի ներդրումներ: Իսկ այդ պայմանը չկատարելու դեպքում,
համաձայն պայմանագրի, նա կզրկվեր իր բաժնեմասից: «Ընկերությունը չկատարեց իր
պարտավորությունները, իսկ Կառավարությունն ամեն ինչից տեղյակ էր և կարող էր ետ
վերցներ այդ ընկերության բաժնետոմսերը, այդ դեպքում կառավարությունը կրկին կդառնար
գործարանի 100% սեփականատերը և կարող էր իրականացնել նոր քաղաքականություն:
Օֆշորային այդ ընկերության գործունեության արդյունքում «Նաիրիտը» կուտակեղ 300
մլն.դոլարի պարտք:
Խոսելով
«Նաիրիտի» հետագա ճակատագրի մասին, նախկին տնօրենը հավաստել է, որ անգամ այս
վիճակում գործարանը կարող է աշխատել ու հաղթահարել բոլոր դժվարությունները, եթե,
իհարկե, կառավարությունը ցուցաբերի ցանկություն և կամք: «Կան մարդիկ, որոնք
ցանկանում են աշխատել: Սարքավորումները նորմալ վիճակում են: Ցանկության դեպքում
կարելի է գործարանը կրկին գործարկել»,-նշել է Իսրայելյանը: Նրա հաշվարկներով,
այսօր գործարանը վերականգնելու համար բավական կլինի 20 մլն. դոլարը: Ինչ
վերաբերվում է գործարանի արտադրանքի իրացմանը, ապա Կարեն Իսրայելյանը վստահ է, որ
«Նաիրիտից» ընդամենը մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի կրկին նվաճի շուկան:
Սակայն,
ձեռնարկությունում գտնում են, որ գործարանը վնասներով էր աշխատել նաև այն ժամանակ,
երբ տնօրենն էր Կարեն Իսրայելյանը (2006-2007թթ.), ինչի մասին է վկայում այն
փաստը, որ ձեռնարկությունը միշտ էլ ուներ արտադրանքն իրացնելու պրոբլեմ, ինչի
մասին էր վկայում նաև Իսրայելյանը: Ընդ որում, արտադրված ապրանքի ինքնարժեքը
գերազանցում էր վաճառքների ծավալները: Ընկերությունը պատրաստ է քննարկել
ռազմավարական զարգացման մի քանի սցենարներ, այն ներդրողների հետ, որոնք
հետաքրքրված են կաուչուկի, ինչպես նաև հարակից արտադրությունների մեջ: Իսկ
Իսրայելյանի հայտարարույթունը ձեռնարկությունում համարում են «էժանագին շոու»:
Հիշեցնենք, որ
2014 թվականի մարտի 12-ին Մոսկվայի Միջնորդ դատարանը բավարարեց Միջպետական բանկի
հայցն ընդդեմ «Նաիրիտ» ՓԲԸ-ի, որոշելով ձեռնարկությունից բանկի օգտին գանձել
25,183 մլն.դոլար: Կուտակված պարտքերի և պարապուրտների արդյունքում գործարանին պատճառված
վնասը կազմում է 220-240 մլն.դոլար: Բացի այդ, կուտակվել է նաև աշխատավարձի գծով
պարտք, որը կազմում է 12 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ»,
«Պիրելի Տայր Ռուսիա»
և
«Ռոսնեֆտ-Արմենիա»
ընկերությունների ներկայացուցիչները
Երևանում փոխըմբռնման
հուշագիր էին ստորագրել բութադիեն-ստիրոլային
կաուչուկի արտադրության
համատեղ ձեռնարկություն
ստեղծելու վերաբերյալ: Դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:
Նշենք նաև, որ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը մտադրություն է հայտնել շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
Հավելենք, որ «Նաիրիտ» գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին
«Մեժգոսբանկի» վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր
2006 թվականին 5 տարի ժամկետով: