Խորհրդաժողովների, կլոր սեղանների և բողոքի գործողությունների ժամանակը վաղուց անցել է: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով միավորվելու և կլոր սեղանի շուրջ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծում գտնելու վերաբերյալ ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը քաղաքական կուսակցություններին:
ՙՄենք առայժմ Հովհաննիսյանից հրավեր չենք ստացել, սակայն կարծում ենք, որ շաղակրատության ժամանակն անցել է, եկել է բարեփոխումների մեխանիզմներ մշակելու և որոշակի գործողությունների ժամանակը, և եթե որևէ կուսակցություն պատրաստ է որոշակի գործողություններ առաջարկել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար, ապա ԲՀԿ կմիանա նրանց՚, - հայտարարել է նա:
Ընդ որում Զոհրաբյանը նշել է, որ ողջունում է ՙՉենք վճարի 150 դրամ՚ շարժման երիտասարդ ակտիվիստների ակցիան, սակայն կարծում է, որ այդ հարցրում նույնպես քաղաքական ուժերը պետք է իրավիճակի լուծում գտնեն: ՙԼավ է, որ մենք ունենք այդպիսի գիտակից երիտասարդություն, սակայն, կրկնում եմ, ակցիաների, քննարկումների և կլոր սեղանների ժամանակն անցել է՚, - նշել է նա: Իսկ այն հարցին, թե ինչ որոշակի գործողություններ է ձեռնարկում ԲՀԿ-ն այդ հարցի առնչությամբ, Զոհրաբյանը պատասխանել է, թե առավոտյան կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանն ինքը մի քանի քաղաքացու է տեղափոխել: ՙԱյդ հարցը կքննարկվի նաև ավագանու խորհրդում՚, - եզրափակել է նա, ավելացնելով, որ այժմ ԲՀԿ մշակում է մեխանիզմներ, որոնք թույլ կտային չբարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: