ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար`աշխատավարձի և կենսաթոշակների նախատեսվող բարձրացման միջոցով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հանրապետականը գտնում է, որ պետք չէ այդ խնդիրը քաղաքական շահարկումների առարկա դարձնել, քանի որ իշխանությունները, վերջին հաշվով, մեղավոր չեն, որ գազի մատակարար երկիրը`Ռուսաստանը, որոշել է վերանայել գները:
ՙԿարծում եմ`անհրաժեշտ է սպասել և կախված այն բանից, թե ինչ որոշում կկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը`համապատասխան միջոցներ ձեռնարկել հետևանքները մեղմացնելու համար: Ավելին, մենք մտադիր ենք խորհրդարանում լսումներ անցկացնել այդ թեմայի շուրջ, որպեսզի պատասխանատու կառույցները կարողանան հիմնավորել գնի բարձրացումը: Եվ լսումների ընթացքում, հուսով եմ, պատասխան կտրվի բոլոր հարցերին՚,- նշել է Սահակյանը:
Մեկնաբանելով իշխանությունների հասցեին մեղադրանքները, թե ընտրությունների նախաշեմին նրանք թաքցրել են գնի բարձրացման`վաղօրոք հայտնի փաստը, Սահակյանը նշել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են, և հասկանալի է, որ ընդդիմությունն այդ խնդիրն օգտագործում է իր քաղաքական նպատակներով: Նրա խոսքով, նույնքան անհեթեթ են նաև հայտարարությունները, թե իշխանություններն իբր ցանկանում են փոխհատուցել ընտրությունների ժամանակ կատարված ծախսերը: Խմբակցության ղեկավարը ծիծաղելի է համարում նման մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ՙՀայՌուսգազարդը՚ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել բնակչության համար գազի գների բարձրացման վերաբերյալ հայտը, որի համաձայն` գազի գները կբարձրանան ներկայիս 132 հազար դրամից մինչև 221 հազար դրամ 1 հազար խմ գազի դիմաց: