Հունիսի
24-ի առավոտյան մի խումբ ակտիվիստներ ձեռնարկել են Աֆրիկյանների շենքի
ապամոնտաժումը դադարեցնելու հերթականն փորձ:
Ինչպես ԱրմԻնֆոի-ի թղթակցի հետ զրույցում պատմել է
ակտիվիստ Մարիա Մխիթարյանը, նախօրեին Պատմամշակութային հուշարձանների պահպանության
գործակալությունը «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ծանուցում է ուղարկել
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարենելու մասին: Մինչդեռ այսօր առավոտից ի
վեր շենքի քանդման աշխատանքները շարունակվել են:
Հանրապետական նշանակության հուշարձանը ոչնչացումից
փրկելու ակնկալիքով ակտիվիստները դիմել են Ոստիկանություն, սակայն դեպքի վայր
ժամանած ոստիկանները, ըստ էության, ապահովել են կառուցապատողի անխափան
գործունեությունը` թույլ տալով շենքի ապամոնտաժված հատվածները փոխադրող բեռնատարի
ազատ երթևեկությունը: Մխիթարյանը նշել է, որ իրադարձությունների վայրում գտնվող
փոխգնդապետ Գեղամ Բաղդասարյանն ընդսմին հայտարարել է, որ շենքի ապամոնտաժման մեջ
հակաօրինական ոչինչ չի տեսնում: Ուշագրավ է, որ այս դիրքորոշումն արտահայտվել է,
չնայած այն հանգամանքին, որ ակտիվիստները ոստիկաններին տեղեկացրել էին Աֆրկյանների
շենքի վերաբերյալ Պատմամշակութային
հուշարձանների պահպանման գործակալության վերոհիշյալ որոշման մասին:
Այս
պահին Աֆրիկյանների շենքի քանդման աշխատանքները շարունակվում են. շենքին հարող
տարածքում հերթապահում են մի շարք ոստիկաններ: Ինչպես նշել են ակտիվիստները, իրենք
շարունակելու են պայքարը հանուն պատմական հուշարձանի պահպանման: «Մենք բոլորին կոչ
ենք անում միավորվել և պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը ոչնչացումից», -
ընդգծել են նրանք: