Հայաստանի
խորհրդարան ընդդիմությունը մեծամասնությունից` ի դմս ՀՀԿ-ի, պահանջում է հետևել
օրենքի տառին: Այս մասին հունիսի 21-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ
խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով «Կուտակային կենսաթոշակների
մասին» օրենքի փոփոխությունների նախագծի այսօրվա քվեարկությունը, որոնք, ըստ
ընդդիմադիրի, ընդունվել են «Ընթացակարգի մասին» օրենքի խախտումներով:
Ինչպես նշել է Վարդանյանը, քվեարկության ընթացքում եղել
է ակնհայտ, որ մեծամասնության որոշ պատգամավորներ քվեարկել են իրենց կուսակիցների
փոխարեն: Այդ համատեքստում պատգամավորը պահանջել է ցուցատախտակի վրա պահպանել
քվեարկության արդյունքները, որպեսզի հնարավոր լինի այն համեմատել դահլիճում ներկա
գտնվողների թվի հետ: Տղամարդկությունը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր
պատգամավոր քվեարկի իր օգտին ու պատասխան տա իր գործողությունների համար, գտնում է
պատգամավորը, հավելելով, որ նման մեթոդներով կարելի է դեռ շատ հեռուն գնալ:
Պատգամավորը դիմել է մեծամասնությանը, կոչ անելով չխախտել օրենքը: Ելույթ է
ունեցել նաև ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, հայտարարելով, որ դահլիճում
ներկա է 64 հանրապետական, իսկ քվեարկել է 67-ը: «Դա նշանակում է, որ խախտվել է
«Ընթացակարգի մասին» օրենքը»,-ընդգծել է նա:
Իսկ Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ
Մելիքյանն էլ իր հերթին է նշել, որ եթե խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է,
կարող է բացել ցուցատախտակը և նայել, թե ով ինչպես է քվեարկել: «Իսկ եթե դահլիճում
կան մարդիկ, ովքեր կասկածում են իմ տղամարդկության վրա, և որ ես կարող եմ պատասխան
տալ իմ սխալների համար, ապա կան վայրեր, որտեղ ես կարող եմ ապացուցել իմ
տղամարդկությունը»,-հայտարարել է նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ որոշել
է սատարել իր կուսակցին և ՀՅԴ խմբակցության պատգամավորներին կոչ է արել կանգնել
ՀՀԿ շարքերի միջև ու եթե կարող են հաշվել, թող հաշվեն, որ դահլիճում ներկա է 67,
այլ ոչ թե 64 հանրապետական պատգամավոր, ինչպես հայտարարում է Վարդանյանը: «Այսօր
քվորումն ապահովվել է և խնդրում եմ չդատարկախոսել»,-հայտարարել է Բաղդասարյանը:
Նրա հակադարձել է Աղվան Վարդանյանը, որն ընդգծել է, որ դաշնակցականերն իրենք են
որոշում, թե ինչ դերում հանդես կգան խորհրդարանում` որպես պատգամավո՞ր, թե՞ որպես
մաթեմատիկական հազվագյուտ ընդունակություններով անձ: «Մենք ձեզ չենք վիրավորել,
այլ ընդամենը պահանջում ենք, որպեսզի դուք հարգեք օրենքը, ինչը ձեր ուղղակի
պարտականությունն է: Դուք պետք է նաև հաշվի առնեք, որ եթե ՀՀԿ-ն այսօր ունի օրենքը
շրջանցելու հնարավորություն, ապա մի քանի օրից կամ տարուց դուք ինքներդ հանդես
կգաք օրենքը հարգելու այս նույն պահանջով».-ընդգծել է դաշնակցականը:
Դրանից հետո ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լևոն Զուրաբյանը, հայտարարելով, որ ՀՀԿ-ն կոպտորեն խախտում է ընթացակարգը, որից
հետո պահանջել է 20 րոպեանոց ընդմիջում, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունների հետ
կրկին քննարկվի ստեղծված իրավիճակը: Ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարել է,
որ ընդդիմությունը քաղաքական դաշտից տեղափոխվել է տեխնիկական դաշտ, և փորձում է իր
քաղաքական թուլությունը գցել հանրապետականների վրա:
Իսկ
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ իրեն նվաստացած է զգում, քանի որ
խորհրդարանական մեծամասնությունը կոպտորեն խախտում է օրենքները: «Ինչպես կարող եք
«թողարկել» մի օրենք, որին, ըստ ձեր իսկ տվյալների, դեմ է հասարակության 80%-ը:
Ինչու է Գալուստ Սահակյանը խախտում ընդդիմության 20 րոպեանոց ընդմիջման իրավունքը:
Դուք սխալ եք վարում նիստը, մենք պահանջում ենք ընդմիջում»,-հայտարարել է նա:
Սակայն, խոսնակը կրկին հրաժարվել է կատարել այդ պահանջը: Դրանից հետո, ի նշան
բողոքի, ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը, իսկ ընդդիմադիր պատգամավորներից
մեկը բացականչել է. «Սա խորհրդարա՞ն է, թե՞ կրկես»: