Պետությունը հաճախ փորձում է միջամտել Փաստաբանների պալատի գործունեությանը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը: Նրա ասելով, Փաստաբանների պալատի նոր ղեկավարի առջև խնդիր է դրվում հնարավորինս չեզոքացնել այդ միջամտությունը և ապահովել իրավաբանների անկախությունը:
Փաստաբանների պալատի գործունեության խնդիրների թվում Զոհրաբյանը նշել է նաև հասարակական պաշտպանի ինստիտուտի չափազանց ծանրաբեռնվածությունը, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կողմից քննվող դատական գործերի որակի վրա: Զոհրաբյանը խնդիր է համարում ՀՀ մարզերում ներկայացուցչությունների ստեղծումը, փաստաբանների միջև համագործակցության զարգացումը:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն նաև նշել է, որ ընտրվելու դեպքում ինքը մտադիր է նպաստել հասարակական պաշտպանի ինստիտուտի ամրապնդմանը, փաստաբանների իրավունքների պաշտպանությանն ու նրանց մասնագիտական մակարդակի բարձրացմանը:
Ավելացնենք, որ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 14-ին: Այս պահի դրությամբ գրանցված է այդ պաշտոնի չորս թեկնածու: Փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ ձայնի իրավունք ունեն կառույցում գրանցված ավելի քան 1300 գործող փաստաբանները: