Արցախը պատերազմում թափված արյամբ և զոհերով կառուցված ազատության փարոս է: Այդ մասին հայտարարել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, դոկտոր Էլենի Թեոխարուսը ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Հույն պատգամավորի ասելով, իր այցն արցախ բնավ առաջինը չէ, և Լեռնային Ղարաբաղը դարձել է նրա համար երկրորդ հայրենիք: ՙ25 տարի առաջ այցելելով Արցախ` ես այն ժամանակ չէի հավատա, որ մի գեղեցիկ օր այստեղ կվեդառնամ որպես Եվրախորհրդարանի անդամ և կդիմեմ ձեզ, Արցախի խիզախ ժողովրդին, ձեր խորհրդարանում: Արցախը բարգավաճող ժողովրդավարություն է, պետություն, որտեղ ապրում են համարձակ և հիանալի մարդիկ, որոնք հավատում են ազատությանը և ապացուցել են դա ամբողջ աշխարհին: Արցախի ժողովուրդն ապացուցել է, որ աշխարհի յուրաքանչյուր ազատ մարդ Ստեփանակերտի քաղաքացի է՚, - հայտարարել է Թեոխարուսը:
Նրա ասելով, Մարդիկ կատարել են ինքնորոշման և ազատության հետ կապված իրենց պարտականությունը, և նրանց հաջողվել է արժեքային համակարգ ստեղծել` հիմնված արևմտյան քաղաքակրթության սկզբունքների վրա: ՙՄենք` որպես Եվրոխորհրդարանի և եվրոպական ազգային խորհրդարանների անդամներ, պետք է միասին աշխատենք այն ուղղությամբ, որ պատմությունն այլեւս չկրկնվի, և ազատ ու հպարտ պահպանենք Արցախը, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա ազատության և բարգավաճման մեջ ապրել՚,– ամփոփել է Թեոխարուսը։
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն իր հերթին հայտնել է, որ ՙորպես Հայաստանի բարեկամներ` մեր պարտավորությունն է ամբողջ աշխարհին տեղեկացնել Արցախի մասին՚։
ՙԱրցախը հիմնված է ազատության, ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա, և աշխարհը պետք է տեսնի, թե ինպես են այդ սկզբունքներն արտացոլվում այստեղի հասարակության վրա: Մենք պետք է աշխատենք բոլոր հարթակների վրա` քաղաքական, սոցիալական, մշակութային, որպեսզի աջակցենք այս գործին, եւ որ Արցախն ու իր ժողովուրդն արդարության և արժանի ճանաչման հասնեն, կարողանան ապրել ազատ ու երջանիկ՚,– ասել է Բուայեն։